Ռոք, ջազ, ռոք-ն-ռոլ, բլյուզ, ռեգգի- սա է Հյուսիսային պողոտայի անբաժանելի մասը դարձած 41-ամյա Գեւորգի երգացանկը: Իր յուրատեսակ արտաքինով, կիթառներով եւ երաժշտության մատուցման տեխնիկայով անցորդների ուշադրությունը գրավող այս տղամարդը, իր խոսքերով, «լավ խենթություն է անում»:
«Ես շատ անկեղծ եմ նվագում: Ապրում եմ իմ երաժշտության հետ. մարդ կա բառերով է պատմում, ես՝ իմ երաժշտությամբ: Նախ եւ առաջ ինձ համար եմ նվագում, հետո՝ բոլորի, ու գումարին ուշադրություն չեմ դարձնում, վերեւում Աստված կա»,- ասում է նա:
Ռուսաստանում 17 տարի անլեգալ կարգավիճակով ապրող երաժիշտը սովոր է «փողոցային կյանքին»:
«Մոսկվայում Հին Արբատում էի նվագում: Ոստիկանների կողմից շատ էի տուժում, բայց շարունակում էի նվագել: Վերջում մտածեցին՝ գիժ եմ, հանգիստ թողեցին,-հիշում է նա,- էնտեղ մի ջութակահարի հետ 2 ստեղծագործություն էինք նվագում՝ մեկը Բախ, մյուսն էլ ես էի հորինել, էլի դասական՝ դատատամ- տամ, դատատամ- տամ….Յուրաքանչյուրս մի ժամում 600 ռուբլի էր աշխատում. 600 ռուբլին էն ժամանակ Մոսկվա- Երեւան չվերթի տոմսի գինն էր: Հիմա էստեղ օրական 7000-8000 դրամ եմ ունենում»:
Գեւորգը գտնում է, որ իր համար Երեւանում փող աշխատելը ավելի հեշտ է. այստեղ տուն ունի, ոստիկաններն էլ չեն անհանգստացնում:
« Մենակ «քյարթու» անցորդներն են նեղացնում, անցնում ինչ-որ ռեպլիկներ են թողնում, բայց արդեն սովորել եմ, բանի տեղ չեմ դնում»,-ժպտում է նա:
Իր խոսքերով՝ ինքը կիթառի հետ կատակ է անում, խաղում է, ինչպես առաջին անգամ, երբ կիթառ տեսավ:
«Որ 3 տարեկան էի, կիթառ տեսա, վախեցա, մտածում էի՝ կպնեմ թե չկպնեմ, ու կպա, վախենալով, հանաք արեցի էդ կիթառի հետ, ու էդ ձայնից վեր թռա… հետո անընդհատ կիթառ էի փնտրում, փորձում էի նվագել սովորել»,- ասում է Գեւորգը:
Նրա՝ երաժշտության դասերը սկսվեցին առաջին դասարանից՝ հեռուստատեսային հաղորդմամբ:
«Ամեն կիրակի «22:30» երաժշտական հաղորդումն էի նայում. Լուի Արմսթրոնգ, Էլլա ֆիցջերալդ, Բիթլզ…. ու մի անգամ Սվիթ խմբին տեսա կրունկով կոշիկներով, քսված, ռոք-ն-ռոլ էին նվագում, էնքան լավ էր: Իսկ 3-րդ դասարանում իմ սեփական կիթառն ունեցա: Սիրածս մեղեդիներն էի նվագում՝ Բլեք Սեբըթ ( հեղ.՝ Black Sabbath՝ 70-ականների բրիտանական ռոք խումբ) էի նվագում մի լարի վրա- դում-դում- դում-դում դում…. »:
Գեւորգը ինքնակրթությամբ զբաղվելուց բացի սովորեց նաեւ Պիոներ պալատում, այնուհետեւ Հայհամերգում:
«Հայհամերգում սովորելու ժամանակ սիրահարվեցի ու սկսեցի դասերի չգնալ, ինձ հանեցին, երկրորդ անգամ ընդունվեցի, էս անգամ բաս-կիթառի, հետո բանակ գնացի ու մտածեցի՝ երեւի սովորելը իմ ճակատագիրը չի, թողեցի ու գնացի Մոսկվա»:
Այսօր Հյուսիսային պողոտայում իր «հիմնական աշխատանքը» գտած երաժիշտը նվագելով փորձում է հասնել իր նպատակներին:
«Մեր բնակարանը ոնց որ անցած դարի բնակարան լինի՝ ոչ ջեռուցում կա, ոչ լողանալու հարմարություն: Ես հիմա մտադրվել եմ բնակարանս վերանորոգել ու ամուսնանալ: Ընկերուհի չունեմ դեռ, բայց շատ եմ ուզում, ուզում եմ կողքիս մի մուսա լինի, խոսեմ, կիսվեմ հետը, մենակ շատ տխուր է, ոնց որ անթեւ լինես, ոնց որ մի բան չլինի, սրտիդ կեսը չլինի »,-ասում է նա:
Արտասովոր գլխարկից, կարմիր բլուզից, ջինսե տաբատից ու կեդերից բաղկացած յուրատեսակ «համազգեստով» այս երաժիշտը ամեն օր խաղում է կյանքի հետ՝ իր կիթառի լարերով:
«Փոքրուց շատ եմ սիրում խաղալ, ոնց խաղում եմ, էնպես էլ նվագում եմ, я просто играю. էդպիսին է երաժշտությունը՝ չպիտի նվագես, պիտի խաղաս, ամբողջը իմպրովիզացի է, նվագում եմ սրտիս նախադասությունները, նախադասություններ, որոնք իմն են»:
Related: live legends in yerevan
