Anna Barseghyan

Posts Tagged ‘հոգեկան հիվանդ’

Սկեսուրը հարսին մեղադրում է մահանալու մեջ

In Journalism, One day, Real Life, Thoughts on October 27, 2010 at 1:04 pm

Ամուսնու ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանը

Հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ամուսնու՝ Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սկեսուր Լիանա Սարկիսովան համարում է, որ այս ողբերգական պատմության մեջ միակ տուժողն ինքն է:
www.hra.am խմբագրությունը որոշեց կատարել անկախ լրագրողական հետաքննություն` ամենից առաջ նպատակ հետապնդելով պարզել սպանության հոգեբանությունը: Օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար որոշում ընդունվեց լսել թիրախային բոլոր խմբերի կարծիքները` տուժողի իրավահաջորդին /քրոջը/, հարևաններին, սկեսրոջը, հարազատներին, նրան առաջին բժշկական օգնություն ցուցաբերած բժշկին, գործով քննիչին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կարող են տեղյակ լինել գործի մանրամասներին::
«Էս ամեն ինչում տուժողը ես եմ։ Ինքը եկավ իր համար ման եկավ, տունս էլ քանդեց, փաստորեն ես մնացի առանց ոչնչի: Ինչ անիծվածի բերեց իմ տուն իմ «իդիոտ, իշակ» որդին: Պետք ա իմանալ որտեղից ես աղջիկ բերում։ Բերեցիր ի՞նչ արեցիր։ Ընտանիքս կործանեցիր»,- ասում է 20-ամյա աղջկա սկեսուրը՝ անթաքույց զայրույթով և ագրեսիվությամբ մեղադրելով իր որդուն Զարուհուն տուն բերելու իսկ Զարուհուն մահանալու մեջ: Նա գտնում է, որ աղջկա մահը «քանդեց իր տունը», որովհետև դրա պատճառով ինտերնետում իրեն «հեղինակազրկում» են:
Զարուհու քրոջ՝ Հասմիկի խոսքերով՝ հենց սկզբից հարս-սկեսուր հարաբերությունները լավ չեն եղել: Լիլիա Սարկիսովան դեմ է եղել մանկատնից իր տուն աղջիկ բերելուն: Զարուհու հանդեպ վերաբերմունքի տարբերությունը մյուս որդու կնոջ հետ նկատել են նաև հարևանները:
«Էն մի հարսին շատ լավ է վերաբերվում: Էս մանկատան երեխա էր, կարելի էր ծեծելով տանջամահ անել: Էն մեկը գլխին տեր ունի»,- ասում են նրանք:
Դա չի թաքցնում նաև ինքը՝ Լիլիա Սարկիոսվան, ով իր ամենամեծ սխալը Զարուհուն տուն թողնելն է համարում, իսկ մյուս սխալը՝ աղջկան «չկզցնելը»:
«Ես՝ հիմարս, ասում եմ՝ գնա սովորի, խելացի մարդիկ ասում են՝ տանը «իշակություն» արա, հարսին չեն ասում հագնվի ու գնա քեզ ցուցադրելու։ Ճիշտ են էլի անում մարդիկ, հարսին բերում են ու կզցնում են»,- վրդովված ասում է նա:
Ընտանիքում կոնֆլիկտը Զարուհու սկեսուրը բացառում է. «Չէ՜, նա նրան էնքան էր սիրում: Տղաս նրան սիրում էր, է՜, ես դրա համար…»,- քիչ անց բողոքելով՝ «Դե կոնֆլիկտ, ես շատ գիտեմ, եթե օրինակ տղամարդը առավոտյան գնում է աշխատանքի, կին վեր կաց երեկոյան հագուստը արդուկի, դիր: Առավոտյան շուտ սենց (դեմքը ծամածռելով ձեռքերը տարուբերում է) շալվարը անում ես, տալիս ես: Անուշադիր էր, փնթի, կոկիկ չէր»:
Զարուհու հորաքույր և հարևանուհի Շողիկը ասում է, որ «կոնֆլիկտներ այդ ընտանիքում ամեն օր են եղել»:
«Իրենք միշտ ճնշած են պահել երեխուն, ամեն օր սկեսուրն ու ամուսինը ծեծում էին, դասի կապտուկներով էր գնում»,- ասում է նա:
Զարուհու մոտ ընկերուհու խոսքերով (չի ցանկանում ներկայանալ)՝ ծեծը սկսվել է այս տարվա մարտից, երբ «Յանիսը Զարուհուց փող է ուզել, հետո էլ պարբերաբար վռնդել է տնից»: Աղջկա մահվան նախորդ օրն էլ ամուսինը «ծեծել-լարել էր» էր նրան. աղջիկը 3-4 օր ապրում էր ընկերուհիներից մեկի տանը: Ընկերուհու վկայությամբ՝ այդ ժամանակ արդեն նրա մատը ջարդված, բայց անգամ փաթաթված չէր, դեմքը «մի կողմից փուչիկի պես ուռած և կապտած էր» ծեծից:
Զարուհու ընտանեկան խնդիրներին տեղյակ էին նաև հարևանները, շշուկով պատմում են ամեն ինչ, բայց քննիչին ցուցմունք չեն տալիս՝ «արդարանալով», որ «ականատես և տեղյակ չեն եղել»: Անգամ Զարուհու հորաքույր Շողիկը, որը պատմում է Զարուհու ամենօրյա ծեծի ու կապտուկների մասին, հրաժարվում է ցուցմունք տալ:
«Ես ցուցմունք չեմ տվել, եթե ես տեղյակ չեմ, ո՞նց ցուցմունք տամ, ներկա չեմ եղել, տեղյակ չեմ եղել: Քննիչը եկել է, մենք ուղղակի խոսել ենք, ես չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասում է նա և ուղղորդում է զրուցելու ուրիշների հետ:
Զարուհի Պետրոսյանի բարոյականության մասին, ինչում կասկածում է սկեսուրը, հարևանները «ռեալ, ստույգ, հակիրճ, 100 տոկոսանոց» պատասխան են տալիս՝ «ընտիր, հեզ, խոնարհ, «բռիլիանտ» աղջիկ» էր՝ ի տարբերություն իր ամուսնու, որը, աղջկա մոտ ընկերուհու խոսքերով, «ման եկող էր»:
Հարևանները Յանիսին բնութագրում են որպես «շատ ջղային, շատ կոպիտ», ոմանք էլ՝ «շոռաչք» մարդ:
«Ինքը անփաստաթուղթ գիժ էր»,- ասում է Զարուհու հորաքույր Շողիկը: Աղջկա ընկերուհու պնդմամբ՝ տղան «շատ նորմալ է, և եթե որևէ մեկը նրան աննորմալ է ներկայացնում, նշանակում է՝ ուզում է, որ տղան «հոգեկան հիվանդի» պատրվակով պատիժ չկրի:
Յանիսի նորմալ լինելը հաստատում է նաև Զարուհու քույրը՝
«Եթե սկեսուրը չխառնվեր, հասկանում էին իրար, խոսելով, կիսվելով, բայց սկեսուրը միշտ ստիպում էր Յանիսին, որ ծեծի քրոջս, ասում էր՝ ծեծի, տան աղջիկ չի, պիտի ծեծես, ստիպես ինքը տան աղջիկ դառնա»,- պատմում է նա:
Հասմիկի գտնում է, որ քրոջ սկեսուրն էլ է հանցակից, որովհետև նա էլ պարբերաբար ծեծում էր աղջկան, սակայն գործում Լիլիա Սարկիսովան որպես մեղադրյալ ներգրավված չէ:
«Միանգամից մարդուն չեն վերցնում թերթերում գրածով մեղադրանք առաջադրում: Պետք է վկաներ լինեն, ցուցմունք տվողներ լինեն»,- ասում է քննիչ Վահրամ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ «օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի քննություն է գնում. ոչ մի կասկած քննչականի կամ օպերատիվ աշխատողի վրա թող չլինի»:

Մինչ Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդ ճանաչված Հասմիկ Պետրոսյանը պատրաստվում է խնամակալության վերցնել քրոջ դստերը, Լիլիա Սարկիսովան անհանգստանում է երեխայի թոշակի մասին, որը կստանա Զարուհու քույրը, եթե դառնա 1.8 տարեկան Լիլիայի խնամակալը: Իսկ երեխան գիշերները չի քնում, տատի խոսքերով՝ շատ անհանգիստ է, կարոտում է…

Մեզ հետ հանդիպման ժամանակ էլ փոքրիկն անըդնհատ «մամա» էր
կանչում:
«Ես առանց ծնող եմ մեծացել, չեմ ուզում երեխաս առանց հայր մեծանա, ո՞ւր բաժանվեմ, ո՞ր տանը կռիվ չի լինում, կդիմանամ»,- մշտական կռիվների ժամանակ անընդհատ կրկնել է Զարուհին,- «կդիմանամ.…..»
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am

suicide or .. loss of soul

In Real Life on September 20, 2009 at 11:15 pm

“Թերևս չկա մի մտածող մարդ, ով իր կյանքում երբևէ մտածած չլինի ինքնասպանության մասին ”:
Ու. Ջեյմս

“Զգում էի և’ տագնապ, և’ հույս, և’ աներևակայելի խաղաղություն, աներևակայելի հանգստություն, որ շուտով այս ամենը կվերջանա, նաև վախ, որ այս ամենը էլ չի լինի”,-ասում է ինքնասպանության 3 փորձ կատարած 20-ամյա Գայանեն (անունը փոխած է):

Պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի ինքնասպան է լինում 1 միլիոն մարդ, այդ թվում` 280.000 չինացի, 60.000 ռուս, 30.000 ամերիկացի, 20.000 ֆրանսիացի:
Ինքնասպանության պաշտոնական վիճակագրությունն էականորեն տարբերվում է ինքնասպանության իրական թվերից, քանի որ այն ներառում է միայն ինքնասպանության բացահայտ դեպքերը: Իրականում ինքնասպանության դեպքերը 4 անգամ ավելի են: Դատական փորձագետների կարծիքով` այսպես կոչված “դժբախտ պատահարներից”, ճանապարհատրանսպորտային վթարներից, դեղերի գերդոզավորումից մահերի մեծամասնությունն իրականում ինքնասպանություններ են:
Ոչ մի մարմին չի գրանցում ինքնասպանության անհաջող դեպքերը, որոնց թիվը տարբեր գնահատումներով 10-20 անգամ ավելի է, քան ավարտված ինքնասպանություններինը:

Ինքնասպանության հիմքում ընկած է անձի կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Տեղի է ունենում իրականության և այդ մարդու արժեքային համակարգի բախում, որը մեծ է իր էներգետիկայով: Այն սովորական կոնֆլիկտ չէ. այդ ժամանակ մարդու մոտ շատ բարդ պրոցեսներ են ընթանում, և ինչպես ցանկացած կոնֆլիկտից, այդ կոնֆլիկտից պետք է լուծում գտնել. անձի առանձնահատկությունների հիման վրա անձը որոշում է կայացնում. ինքնասպանությունը այս կոնֆլիկտից դուրս գալու որոշման տարբերակներից մեկն է”,-ասում է հոգեբան Դավիթ Ամիրյանը:

Ավարտված ինքնասպանությունների թիվը տղամարդկանց շրջանում միջինը 4 անգամ ավելի է, քան կանանցը: Տարիքի հետ` 65-85 տարեկանում, այս հարաբերակցությունը մեծանում է 6-9 անգամ: Մյուս կողմից կանայք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, բայց ընտրում են ավելի մեղմ տարբերակներ, որոնք հազվադեպ են բերում մահվան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրները, ըստ ինքնասպանության ցուցանիշի, բաժանում է 3 խմբի`
1. ինքնասպանության ցածր մակարդակ ունեցող երկրներ`100.000 բնակչից տարեկան 10 հոգի, որոնց թվում է նաև Հայաստանը` 2,3 տոկոս ցուցանիշով
2. ինքնասպանության միջին մակարդակ ունեցող երկրներ`10-20 հոգի 100.000 բնակչից` ԱՄՆ, Իտալիա, Ավստրալիա
3. ինքնասպանության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցող երկրներ`20 հոգուց ավելի 100.000 բնակչից` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունգարիա:

Վերջին տասնամյակին երիտասարդների շրջանում ինքնասպանությունների թիվը 3 անգամ ավելացել է: Ամեն տարի 15-19 տարեկան յուրաքանչյուր 20-րդ դեռահաս ինքնասպանության փորձ է անում: Ռուսաստանը դեռահասների ինքնասպանության քանակով առաջին տեղում է:
Ինքնասպանության հիմնական պատճառներն են` անպատասխան սերը, կոնֆլիկտը ծնողների և հասակակիցների հետ, վախը ապագայի հանդեպ, միայնությունը:

she

“ Պատճառները շատ էին, ամեն ինչ հավաքվել էր: Հիմա ,երբ հետ եմ նայում, թվում է, թե դրանք դիմակայելի դժվարություններ էին: Այստեղ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու քեզ սպանում ես, ու թվում է` լուծումը գտնում ես: Բայց ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ կունենաս ինչ-որ բան փոխելու հնարավորություն”,-ասում է Գայանեն:

Ինքնասպանությունների 60 տոկոսը կատարվում է ամռանը և գարնանը: Հատկապես այս ժամանակաշրջանում է նկատվում բնության գունեղության հակադրությունը ներքին վիճակի անփոփոխության հետ: Ինքնասպանների հիվանդությունը համարվում է դեպրեսիան: Դեպրեսիայով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսը իրագործում է այն:

“ Հաճախ մարդիկ չգիտեն, որ ինքնասպանությունը մեղք մըն է: Մարդիկ կան, որ կըսեն` իմ կյանքս է, ինչն է մեղքը, ես ուրիշին չեմ վնասել: Չէ’, մեղք է այն, որովհետև կյանքը մերը չէ, կյանքը Ատծո նվերն է մեզի: Ինքնասպանությունը սպանությունների մեջ ամենամեծ մեղքն է, և եկեղեցին չի կատարում հուղարկավորությունը մեկի, ով ինքնասպան եղած է: Մարդ եթե զղջա իր մեղքին համար, մենք կդավանենք, որ Աստված կներե իր անկեղծ զղջումին համար: Ինքնասպանի թաղումը չեն կատարեր հենց այն բանի համար, որ ինքնասպանը իր մեղքին մեջը կմեռնի”,-ասում է Տեր Տաճատ քահանա Դավիդյանը:

Գոյություն ունեն էթնիկ խմբեր, որոնք հակված են ինքնասպանության. օրինակ ուգրոֆիննական խումբը: Ուդմուրտիայում, Հունգարիայում և Ֆինլանդիայում շատ բարձր է նության ինքնասպամակարդակը:

“ 25 քնաբեր դեղահաբ, դրան գումարած տաք լոգանք: Մտածում էի, որ կքնեմ ու թոքերիս մեջ ջուր կլցվի, երկակի ապահովագրություն, որ կմահանամ: Զգացողություն էր, որ այլևս ոչինչ քեզ չի ենթարկվում, ձեռքերդ, ոտքերդ քոնը չեն, դու նույնիսկ ի վիճակի չես աչքերդ բացելու, նույնիսկ ի վիճակի չես ինչ-որ կերպ արձագանքելու արտաքին աշխարհին:
Ես ուզում էի, որ ինձ հանեին ջրից: Զգում էի, որ շուտով իմ թոքերը կլցվեն ջրով, որ ես քնում եմ, որ էլ չեմ լինելու. քնում եմ, բայց ես չեմ ուզում, ուզում եմ վեր կենալ, ուզում եմ շարժվել, ուզում եմ գոռալ. ոչ մի ելք չկար, ու ամբողջ հոգով, ամբողջ սրտով երբևէ կատարած ամենահուզիչ աղոթքն էր.” Խնդրում եմ , Աստված, թող մեկը կոտրի դուռը, խնդրում եմ, խնդրում եմ, բաց արեք”:

Ինքնասպանության փորձից հետո նրանք շատ մեծ կարիք ունեն մասնագետի օժանդակության, հոգեբանի կամ նյարդաբանի հսկողության. շատ կարևոր է ցույց տալ նրանց իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհը: Եթե ցույց տաս, և իրենք փորձեն դա, երկրորդ անգամ չեն գործի ինքնասապանություն: Իսկ եթե որոշ ժամանակ հետո նրանք չեն գտնում այդ ճանապարհը, կրկնելու վտանգը շատ մեծ է”-ասում է հոգեբանը:

Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը թմրամոլների, հաշմանդամ մարդկանց, հոգեկան հիվանդների, ինչպես նաև քրոնիկ հարբեցողների մոտ է: Բոլոր ավարտված ինքնասպանությունների 1/3-ը և ինքնասպանության բոլոր փորձերի ¼-ը կատարում են հարբեցողները:
Հասարակական կատակլիզմները անմիջական ազդեցություն ունեն ինքնասպանության քանակի վրա. կենսամակարդակը և ինքնասպանությունների քանակը փոխկապակցված են: Վիճակագրության համաձայն` ինքնասպանություն կատարողների 56 տոկոսը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ է: Տնտեսական ճգնաժամերը ազդում են ոչ միայն սոցիալական, այլև հոգեկան վիճակի վրա. այս դեպքերում ապագան թվում է ծայրահեղ անորոշ, իսկ ինքնասպանությունը միակ լուծումը:

“ Հիշում եմ, երբ դուռը թակեցին, ու ես չարձագանքեցի, անհանգստացան. բա որ հանկարծ չբացեին, միգուցե չբացեին, միգուցե չլինեի: Բայց ես ուրախ եմ, որ այդ օրը բացեցին , և ուրախ եմ, որ իմ ցանկությունը չիրականցավ:
Այս պահին սիրում եմ կյանքը. յուրովի ես գնահատում , երբ ձեռք ես բերում նորը:
Հիմա իմ կյանքում հարաբերական անդորր է, բայց գիտեմ` եթե անգամ փոթորիկներ էլ լինեն, դրանցով է կյանքը գեղեցկանում”,-ասում է Գայանեն:

Հ.Գ. Ըստ կանխատեսումների` 2020 թվականին ինքնասպան կլինի մեկ ու կես միլիոն մարդ:

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers