Anna Barseghyan

Posts Tagged ‘ինտուիցիա’

deja vu` այլընտրանքային իրականություն

In Irrational, No Comment, One day, Real Life on November 29, 2009 at 4:46 pm

Դեժավյու ապրում են գրեթե բոլորը: Այն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:

Դեժավյուն  (ֆր. deja  vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընդհանրապես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդ այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողությունում, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:

Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված` չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:

Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս մարմին: Դասական գիտությունն այս վարկածը չի ընդունում, քանի որ այն գտնվում է մարդու հավատի մակարդակում, և շատ փաստեր անհնար է բացատրել: Հոգեբույժները դեժավյուն դասակարգում են իբրև հոգեկան խանգարում, եթե այն չափազանց հաճախ է լինում: Ֆիզիկոսները դեժավյուն դիտարկում են որպես ժամանակի խախտումԱնցյալը, ներկան և ապագան կատարվում են միաժամանակ, իսկ մարդը ընդունակ է ընկալելու միայն «հիման»: Երբ ժամանակային շերտը ինչ-որ պատճառներով տեղաշարժվում է, կատարվում է դեժավյու: Այն ավելի հաճախ լինում է 15-25 տարեկան երիտասարդների մոտ: Գլխուղեղի որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ էպիլեպսիայի, դեժավյուն մի քանի անգամ ավելի հաճախ է լինում: Բժիշկները նշում են, որ հիշողության այդտեսակ խանգարումը հաճախ նկատվում է հիշողության տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:

Դեժավյուի հետ սերտ կապում են ինտուիցիա երևույթը: Գիտությունն ինտուիցիան դիտարկում է միայն որպես անգիտակցորեն ճիշտ որոշում կայացնելու ունակություն առօրյայում, աշխատավայրում, կյանքի պատասխանատու պահերին: Կանխագուշակման ինտուիցիան հետազոտողները չեն դիտարկում ընդհանրապես, քանի որ կանխագուշակությունը նույնպես պարահոգեբանների գործունեության ոլորտն է: Գիտնականները հետազոտել և նկարագրել են միայն մասնագիտական ինտուիցիան: Մասնագիտական ինտուիցիան վերաբերում է մի ոլորտում որոշում ընդունելուն. այն կարող է լինել ինչպես մասնագիտությանը գերազանց տիրապետելու, այնպես էլ որոշակի գործունեության հանդեպ բնական հակում ունենալու արդյունքում:

Փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով դեժավյուն մեր չգիտակցված կանխազգացումն է, որը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ մենք այն համարում ենք իրական:

Դեժավյուն կապում են նաև քնի հետ. այն առաջ է գալիս քնած ժամանակ ենթագիտակցությունում ինֆորմացիայի մշակման արդյունքում: Ոմանք այն վերագրում են կեղծ հիշողության դրսևորմանը ուղեղի աշխատանքում. ավելի ստույգ նրա որոշակի գոտում կատարվում է խախտում և այն սկսում է անհայտը հայտնիի տեղ ընդունել: Մինչև վերջերս այս երևույթը արհեստականորեն նույնիսկ չէին փորձարկում, քանի որ չգիտեին, թե այն ինչի հետևանքով է առաջանում: Ամերկացի գիտնականների վերջին հետազոտությունները պարզեցին, որ դեժավյուի էֆֆեկտի առաջացման համար պատասխանատու է գլխուղեղի որոշակի գոտին` հիպպոկամպը: Հենց այստեղ են պահպանվում առանձնահատուկ սպիտակուցները, որոնք պատախանատու են պատկերների միանգամից ճանաչման համար: Այս հետազոտությունում նույնիսկ որոշված է գլխուղեղի բջիջների կառուցվածքը, որը պարունակում է ցանկացած նոր տեղանքի պատճենը, որտեղ մենք հայտնվում ենք: Ստացվում է, որ մեր ուղեղը ամեն ինչ ծրագրել է նախապես:

Հոգեբան Վլադիմիր Միքայելյանը դեժավյուն բացատրում է որպես հիշողություն ապագայի մասին:

«Ես հակված եմ կարծելու, որ մարդն արդեն ծնվելիս գիտի իր ապագան: Այդ ապագայի մասին գիտելիքը կինոժապավենի պես շատ արագ պտտվում է և անմիջապես իջնում անգիտակցական մակարդակ: Եվ կյանքի ընթացքում, երբ այդ ժապավենը դանդաղ է պտտվում, մենք հանկարծակի հիշում ենք այն, ինչ արդեն տեսել ենք ծնվելիս»,-ասում է նա:

Վլադիմիր Միքայելյանի համոզմամբ դեժավյուն բացահայտելու համար մարդուն հոգեկան հասուն մակարդակ է անհրաժեշտ: Իսկ այդ մակարդակին կարելի է հասնել որոշակի հոգեբանական թրեյնինգների միջոցով:

Կա դեժավյուի ճիշտ հակառակ երևույթը՝ ժամեվյուն (ֆր. jame vu-երբեք չտեսած): Սա վիճակ է, երբ մարդուն սովորական իրավիճակում ամեն ինչ անծանոթ է թվում: Նա կարող է զրուցել մարդու հետ, ում լավ ճանաչում է, և հանկարծ նա իրեն լրիվ անծանոթ թվա: Սենյակը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում, կարող է ամբողջովին օտար կամ նոր թվալ:

Գիտնականները դեժավյուի մասին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս, միգուցե դեռևս հոգեբանական հասուն մակարդակի չհասնելու պատճառով: Ու դեժավյուն շարունակում է առեղծված մնալ, որն ապրելիս ոմանք երբեմն խուճապի են մատնվում, ոմանք թեթև հաճույք են ստանում անբացատրելի զգացողությունից, ոմանք էլ այն ընդունում են որպես այլընտրանքային իրականություն:

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers