«Ոչ մեկին չեմ ցանկանա ո՛չ «լոմկան», ո՛չ էլ «դեղի վրա նստելը»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայում բուժվող 41-ամյա Արսենը (անունը փոխած է): 15 տարվա թմրամոլի ստաժ ունեցող այս տղամարդն իր կնոջն ու երկու` 4 և 8 տարեկան դուստրերին խոստացել է, որ բուժված կվերադառնա տուն:
Այսօր Հայաստանում հաշվառված մոտ 250 թմրամոլ կա, որոնց մեծամասնությունը 20-30 տարեկան տղամարդիկ են: Կանայք գնում են խորհրդատվության, բայց բուժման հազվադեպ են դիմում: Թյուր կարծիք կա, թե թմրամոլները միայն հարուստներն են: Այս երևույթը տիրում է հասարակության տարբեր շերտերում` մի տարբերությամբ` թմրանյութի տեսակի ու գնի:
«Թմրամոլությունը հիվանդություն է, որով մարդ կամավոր է հիվանդանում: Այն միմիայն կախված է մարդու կամքից»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայի դիսպանսեր բաժնի վարիչ Գայանե Վարդազարյանը:
Նարկոլոգիական կլինիակայում Հայաստանի հանրապետության քաղաքացիները բուժվում են պետպատվերի շրջանակներում, ենթարկվում են հաշվառման և 5 տարի գտնվում դիսպանսերային դիտարկամ մեջ:
«Մենք հիվանդի հետ պայմանավորվում ենք, որ նա պարբերաբար գա, ներկայանա, վիճակը տեսնենք. եթե պետք է, դեղորայք ստանա, նորից հետազոտվի: Եթե հիվանդը 5 տարվա ընթացքում չի օգտագործում թմրանյութեր, դուրս է գալիս հաշվառումից: Դա կոչվում է կայուն դադար, բայց ո՛չ առողջացում, որովհետև եթե նա 5 տարի հետո նորից սկսի թմրանյութ օգտագործել, նույն վիճակում կհայտնվի»,-ասում է Գայանե Վարդազարյանը:
Անանուն ստացիոնար բուժման դեպքում հիվանդը 24 օրվա, այսինքն` բուժման 1 կուրսի համար մոտ 130000 դրամ պետական մուծում պետք է կատարի: Անանուն բուժվող հիվանդները հաշվառման չեն ենթարկվում, և նրանց տվյալները չեն գրանցվում նարկոլոգիական կլինիկայում:
«Անանուն հիմնականում հարուստի երեխեքն են բուժվում: Մի քանի օր առաջ 18 տարեկան աղջիկ բերեցին. անանուն է բուժվում»,-ասում է կլինիկայի պահակներից մեկը:
Կլինիկայում բուժումը կամավոր է: Այլ կերպ հիվանդները չեն կարող բուժում ստանալ:
«Ցանկացած բժշկական միջամտության համար հիվանդի համաձայնությունը պարտադիր է: Նույնիսկ մի հաբ դեղորայքի հետ նա պետք է համաձայն լինի, ընդ որում, այդ համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր»,-նշում է Վարդազարյանը,- ՀՀ-ում կա նաև հարկադրական բուժում, որին ենթարկվում են հանցանք կատարած մարդիկ բժշկի եզրակացության հիման վրա դատարանի որոշմամբ»:
Առաջին փուլում տարվում է դեղորայքային բուժումը` հիվանդին զրկանքի վիճակից` այսպես կոչված «լոմկայից» հանելու համար: Այնուհետև բուժմանը միանում է նաև հոգեբանը:
«Մարդը գործածում է ինչ-որ նյութ, դա լինի ալկոհոլ,թե թմրանյութ, ու մի օր էլ չի գործածում: Այդ ժամանակ օրգանիզմը նրանից պահանջում է այդ նյութը: Եվ առաջանում է զրկանքի վիճակը: Էպիզոդիկ, տարին մեկ-երկու անգամ գործածության դեպքում զրկանքի վիճակ չի ձևավորվում: Այն ապացուցում է արդեն ձևավորված հիվանդությունը»,-բացատրում է Գայանեն:
Եթե «լոմկան» ունի ստույգ սահմանում, «կայֆը» ունի ինդիվիդուալ երանգներ` կախված գործածողի նախնական վիճակից, տրամադրության ֆոնից և գործածվող թմրանյութից: Թմրամոլներն ասում են, որ դա երանելի վիճակ է` ոչ մի ուրիշ հաճույքի հետ չհամեմատվող: Նույնիսկ օրգազմը նրանք օվկիանոսի մի կաթիլ են համարում «կայֆի» հետ համեմատած: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերդոզավորումը ավելի շատ լինում է տարբեր նյութերի զուգակցումից` ալկոհոլ և թմրանյութ, ալկոհոլ և քնաբեր, մի քանի տեսակ թմրանյութեր: Գերդոզավորման ժամանակ տեղի է ունենում շնչառական կենտրոնի ընկճում, հիվանդն ուղղակի չի շնչում ու մահանում է: Որպես կանոն, գերդոզավորմամբ հիվանդները չեն հասնում հիվանդանոց. այն տևում է վայրկյաններ: Հիվանդը պետք է շտապ թմրանյութը չեզոքացնող դեղորայք ընդունի: Որպես առաջին օգնություն կարելի է փորձել արհեստական շնչառություն և սրտի մերսում : Նարկոլոգիական կլինիկան դեռ գերդոզավորման բաժանմունք չունի` համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով, առայժմ այն վերակենդանացնող բաժանմունքի խնդիրն է:
Գայանե Վարդազարյանի խոսքերով՝ վերջին տարիներին թմրամոլների թիվը նկատելիորեն աճում է:
«Վերջերս մեզ ավելի շատ թմրամոլներ են դիմում: Վիճակագրություն չունեմ, բայց տրամաբանորեն կարելի է ասել` եթե շատ են դիմում, ուրեմն շատ կան»,-ասում է նա:
Արսենն արդեն 5 օր է, ինչ բուժվում է, ու վստահ է, որ էլ երբեք նույն կյանքին չի վերադառնա:
Ինչպե՞ս եք սկսել թմրանյութ օգտագործել:
-Մակ կոչվող բույս կա, դրա գլխի կաթը կարելի ա խմել և սրսկվել: Ես սրսկվում էի: Հենց դրանից եմ սկսել:
Քանի՞ տարեկանից եք սկսել սրսկվել:
-19 տարեկանից:
Ընկերնե՞րն առաջարկեցին…
-Չէ, ընկերս չառաջարկեց: Ընկերս շուտվանից էր անում, բայց չէր թողնում, որ ես անեի: Մի օր հյուրեր ունեինք, ընկերս տանը չէր: Հյուրերը առաջարկեցին: Ինձ շատ հետաքրքիր էր, ես էլ էի ուզում:
Ամեն «կայֆ» օգտագործել եմ: Սկզբից խանգա, հետո հերոին, հետո չեռնյաշկա, ինչ պատահեր:
Ի՞նչ արժեն թմրանյութերը:
-Շատ թանկ են: 1 գրամ չեռնյաշկան` 100 դոլլար: 1 գրամը 3-4 բաժին ա: Եթե «դոզայի վրա» ես «նստած», մի գրամը 2-3 բաժին ա: Ես մեծ «դոզայով» էի անում: Ինձ 2 գրամը հերիքում էր օրվա մեջ:
«Կայֆը» ինչպիսի՞ն է:
-Առաջին անգամ, որ սրսկվեցի թուլություն զգացի ու 6 ժամ աջ թևիս վրա քնեցի: Երբ արթնացա, թևս ցավում էր, ու մտածեցի ` դա ա «լոմկա»: Եթե ճիշտն ասեմ ոչ մի լավ բան չզգացի: Գիտեի` մակը որտեղ էր աճում, գնացի մի անգամ էլ օգտագործեցի: Երկրորդ անգամ էլ ոչինչ չզգացի: Երրորդ անգամ արդեն մեծ ցանկություն ունեի նորից փորձելու: Երրորդ անգամ զգացի, որ դրանից լավ «կայֆ» չկա:
«Կայֆը» ինչի՞ հետ կարելի է համեմատել:
-Ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Դու ավելի ես ուժեղանում, ուղեղդ լավ ա աշխատում, ավելի վստահ ես դառնում: Չեմ ասում` գնում ես ամեն ինչ ջարդուփշուր ես անում կամ գողանում-թալանում ես: Չէ՛, ուղղակի շատ լավ ես զգում քեզ:
Իսկ հաճույքը ո՞րն է:
-Հաճույքն էլ հենց դրա մեջ ա, էլի:
Արտաքնապես կարելի՞ է իմանալ` մարդը թմրանյութ է օգտագործել, թե ոչ:
-Դե, հասկացողը կհասկանա: Դեմքի արտահայտությունից կարող ես հասկանալ, խոսքից. էդ ժամանակ մարդը հանգիստ ա խոսում, ծամծմելով, բառերը կուլ ա տալիս, աչքերն անընդհատ փակում ա: Հենց դա ա «կայֆ»: Քեզ լավ ես զգում: Երբ սրսկվում ես, վրայից էլ «պլան ես քաշում», ավելի լավ «կայֆ» ա տալիս:
Գերդոզավորումից չէի՞ք վախենում:
-Չէ: Չափը միշտ պահել եմ: Ծանոթներիցս մեկը գերդոզավորումից մահացավ:
Իսկ լոմկան ի՞նչ տեսակ է:
-Լոմկան տեսակ չունի: Լոմկայից վատ հիվանդություն ես չեմ տեսել իմ կյանքում: Դա գժվելու պես մի բան ա: Շատ ցավալի վիճակ ա, շատ ցավալի: Սրտխառնոց, գլխապտույտ ես զգում: Ոնց որ երկաթե շղթաներով կապեն ձեռքերից, ոտքերից, մարմնից, պարանոցից ու էդ շղթայի բոլոր ծայրերից շատ ուժեղ ձգեն: Դա շատ անբացատրելի ցավ ա:
Քանի՞ տարի եք օգտագործել թմրանյութ:
-15 տարի: Ընդմիջումներ եղել են, բայց հնարավորություն չունեի, դրա համար չեմ արել: Վերջին 5 տարին ամեն օր արել եմ: Ես հաճույք էլ չէի ստանում: Ուղղակի բուժվում էի: Անում էի, որ վատ չլինեմ, կարողանամ քայլել, զբաղվել իմ գործերով: Հիվանդը ոնց ա բուժվում, այ տենց էլ ես: 11 օր չեմ արել ու չեմ էլ ուզում անել: Զզվեցի ամեն ինչից` էդ կյանքից, էդ բնույթից, ինքս ինձնից զզվեցի:
Ափսոսանքի զգացում կա՞ հիմա:
-Իհարկե, ափսոսում եմ: Որ «կվալդ» լիներ, կխփեի գլխիս: Ընկերներիս ասել եմ, որ գնում եմ բուժվելու, որ գամ, իրենք էլ բուժված լինեն: Հաստատ գիտեմ, որ էլ չեմ սրսկվի: Ես լավ անուն ունեի, աշխատանք ու շրջապատ: Անունս կորավ, ընկերներս հեռացան, աշխատանքս կորցրի: Թմրանյութը մի բան ա, որ մարդուն գցումա գետնին ու դարձնում ոչնչություն:
դեկտեմբեր, 2007




Հերոին, Սվաստիկա, ալտեռնատիվնի, աննորմալ, ասեղ, ատելություն, արժանապատվություն, արժեքային համակարգ, գիրք, գործազուրկ, թաթու, թմրամոլ, ժուռնալիստ, ին-յան, ինքնակենսագրություն, խոսքի ազատություն, կարմա, կին, հոգեբուժարան, հույս, Բալագոյե, մոլորված մարդիկ, նեֆորմալ, Լուսինե Վայաչյան, սպիդ
Բալագոյե
In No Comment on February 4, 2010 at 1:31 pm…
«Էլի ասեղ ա: Էլի ինսուլինկա ա: Էլի սրանք եկան: Էլի ուզում են ինձ ծակեն: Էլի կբռնեն, կտանեն վատ տեղ: Վատ տեղ չկա, բայց իրանք կճարեն կտանեն: Խի՞ սենց դառավ: «Էրմիտաժ» այգին լիքն ա թշնամիներով: Սաղ գիտեն, որ ես նարկոման եմ: Ջազ նվագող էն մարդիկ էլ գիտեն, փոքր էրեխեքն էլ գիտեն, խոսքները սաղի հետ մեկ արած ինձ հետապնդում են, ուզում են, որ ես հա վախենամ, հա փախնեմ, հա զգամ իմ ոչնչությունը: Հերոին, սպիդ, կիսլատա, փշեր, մարկաներ, վինտ, վինտ, վինտ…
…նա էլ ասեց թունավորվել ա, պիտի տանեք հոգեբուժարան: Բայց ես չեմ խախտվել, ես տեսնում եմ էդ բոլոր մարդկանց, որոնք ինձ հետապնդում են…»
«Բալագոյե»: Բարբառա-փողոցա-ռուսախառն լեզվով գրված այս գիրքը հրատարակվեց իր «կուսական վիճակով»` չխմբագրված. 40-ամյա կնոջ ինքնակենսագրությունը հենց այնպես, ինչպես կա, բոլոր «մութ» անկյուններով:
«Էս էն տեղն ա, որի մասին երգում էին` «Бологое, Бологое, Бологое- это где-то между Ленинградом и Москвой…»,-ասում է հեղինակ Լուսինե Վայաչյանը,- իրադարձային վայր էր: Կյանքս «Բալագոյե» է»:
…
Ո՞վ է նա` Լուսինե Վայաչյանը. «մետրուկես հասակով», կանաչաչյա, ազգանունը փոխած մի կին, որը համարձակվեց հայ հասարակությանը պատմել բոլոր տղամարդկանց մասին, որոնց սիրել է, իր թմրամոլային և ալկոհոլիզմային կյանքի, այս ամենի դեմ իր պայքարի ու անհաջողությունների, կորցրած որդու` Ֆեդյայի, ու երբեք չմարող հույսի մասին:
Ինքն ասում է.
«Քառասունին մոտ կին էր, ու ոչինչ չուներ ինքը: Ուներ: Մի աղջիկ ուներ, մեծ աղջիկ, որը հեր էլ ուներ, բայց հերություն արած չկար կյանքում: Լիքը սերեր էլ ուներ` անցած գնացած, ու ամեն անգամ ինքն իրան ասում էր. «Սա ուրիշ ա, սա վերջին անգամն ա, սա ընտանիք ա դառնալու անպայման, սա ապագա ունի հաստատ, հոտով գիտեմ»: Բայց դե հոտն ի՞նչ, սովորական մարդահոտեր էին էլի, ու հերթական սերերը կուտ էին գնում, ինքն էլ էլի մնում էր ջարդված տաշտի մոտ: Ծնողներ ուներ ինքը: Ծնողների դարդն էր: Բանի չէր հասել կյանքում, դրա համար: Միշտ քնելուց առաջ, երեխա վախտից իրան դնում էր իրա երազած աղջկա տեղը, պատկերացնում էր, թե ի՜նչ լավ ժուռնալիստ ա դառնում, ի՜նչ տեղեր ա գնում, ի՜նչ շրջապատ ունենում, ի՜նչ տղամարդկանց ռաստ գալիս ու դառնում նրանց պաշտամունքի առարկան… Բայց… Ոչինչ էլ չդառավ: Տիկնիկ մնաց ինքը: Պատճառն էլ գիտեր ախր, բուժումը չգիտեր…»:
Լուսինեն գրեց` առանց ծնողներին ասելու ու նրանց կոմից «կախաղան հանվելու» վախով:
«Կասեն` ի՞նչ ես մեր տան «կեղտերը» հանել փողոց»,-ասում է նա,- Մարդ կա` ռիսկ չի անում ինքն իրա հետ խոսա, ու տենց սաղ կյանքում մնում ա ինքն իրան գերի: Ես բարվոք «կարմա» ունեմ: Ես բարվոք մարդկանց եմ հանդիպում: Ինձ «դուխ» են տալիս: Ես Լուսինեն եմ: Ես «կեղտեր» ունեմ: Ես վախեր ունեմ»:
Աղջկան` Կոծոսիկին, 40-ամյա այս կինը ոչինչ չունի տալու` իր արժեքային համակարգից բացի:
«Մարդու ընտրության ու խոսքի իրավունքի, ազատության կարեւորությունն եմ տալիս, եւ որ արժանապատվությունը ֆիզիկապես կուսությունը պահպանելու մեջ չի, այլ ներսիդ, մենակ քո բարոյական առանցքը պահելու, որ ստորացուցիչ չի ներողություն խնդրել նույնիսկ թշնամուց, եթե գտնում ես, որ սխալվել ես, որ վատ մարդ չկա, կան մոլորված մարդիկ, իրանք իրանց կորցրած մարդիկ, որ ատելությունը ատելություն ա ծնում, որ միայն սրտացավությամբ կարաս աշխարհը փոխես, եթե իհարկե ուզում ես… »:
…
«Ի՞նչ եմ ես ուզում: Կարո՞ղ ա ձեւեր եմ տալիս: Տիպա պա ժիզնի բախտ չունեմ, ձեւ եմ տալիս մթոմ ալտեռնատիվնի եմ, սաղին նման չեմ, հատուկ եմ, նմանս չկա… Աննմա՛ն եմ ես: Դրա համար ծխում եմ, սերիալ չեմ նայում, չէ, նայում եմ մեկը, եթե դա էլ չնայեմ, ինձ լրիվ աննորմալ կզգամ:
Հա, թաթու ունեմ: Սվաստիկա էի արել, հին արիական սվաստիկա: Ամուսինս ուզեց, որ անեմ, արեցի: Հետո վրից «ին-յան» դաջեցի: Ի՞նչ կա դրա մեջ»:
…
«Բալագոյե»: Ռուսաստանյան-հայաստանյան, բանտային, թմրանյութային, ալկոհալային, «նեֆորմալ», անտուն ու գործազուրկ կյանք:
«Միգուցե մեկնումեկն իմ մեջ տեսնի իր մասնիկը, որն ստիպված է եղել ինձ նման թաքցնել, և ուրախանա, որ ես խոսում եմ իր լեզվով»…
———————————————————————————————–
p.s. Before you leave, please, tell me that you were here..
Related:
կայֆի ու լոմկայի սահմանին..
դիկտաֆոնի գողը գող չի կամ աննամուս ժուռնալիստներ..
bloggers vs journalists
watchdog’s under construction or press freedom la finita