“Թերևս չկա մի մտածող մարդ, ով իր կյանքում երբևէ մտածած չլինի ինքնասպանության մասին ”:
Ու. Ջեյմս
“Զգում էի և’ տագնապ, և’ հույս, և’ աներևակայելի խաղաղություն, աներևակայելի հանգստություն, որ շուտով այս ամենը կվերջանա, նաև վախ, որ այս ամենը էլ չի լինի”,-ասում է ինքնասպանության 3 փորձ կատարած 20-ամյա Գայանեն (անունը փոխած է):
Պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի ինքնասպան է լինում 1 միլիոն մարդ, այդ թվում` 280.000 չինացի, 60.000 ռուս, 30.000 ամերիկացի, 20.000 ֆրանսիացի:
Ինքնասպանության պաշտոնական վիճակագրությունն էականորեն տարբերվում է ինքնասպանության իրական թվերից, քանի որ այն ներառում է միայն ինքնասպանության բացահայտ դեպքերը: Իրականում ինքնասպանության դեպքերը 4 անգամ ավելի են: Դատական փորձագետների կարծիքով` այսպես կոչված “դժբախտ պատահարներից”, ճանապարհատրանսպորտային վթարներից, դեղերի գերդոզավորումից մահերի մեծամասնությունն իրականում ինքնասպանություններ են:
Ոչ մի մարմին չի գրանցում ինքնասպանության անհաջող դեպքերը, որոնց թիվը տարբեր գնահատումներով 10-20 անգամ ավելի է, քան ավարտված ինքնասպանություններինը:
“ Ինքնասպանության հիմքում ընկած է անձի կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Տեղի է ունենում իրականության և այդ մարդու արժեքային համակարգի բախում, որը մեծ է իր էներգետիկայով: Այն սովորական կոնֆլիկտ չէ. այդ ժամանակ մարդու մոտ շատ բարդ պրոցեսներ են ընթանում, և ինչպես ցանկացած կոնֆլիկտից, այդ կոնֆլիկտից պետք է լուծում գտնել. անձի առանձնահատկությունների հիման վրա անձը որոշում է կայացնում. ինքնասպանությունը այս կոնֆլիկտից դուրս գալու որոշման տարբերակներից մեկն է”,-ասում է հոգեբան Դավիթ Ամիրյանը:
Ավարտված ինքնասպանությունների թիվը տղամարդկանց շրջանում միջինը 4 անգամ ավելի է, քան կանանցը: Տարիքի հետ` 65-85 տարեկանում, այս հարաբերակցությունը մեծանում է 6-9 անգամ: Մյուս կողմից կանայք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, բայց ընտրում են ավելի մեղմ տարբերակներ, որոնք հազվադեպ են բերում մահվան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրները, ըստ ինքնասպանության ցուցանիշի, բաժանում է 3 խմբի`
1. ինքնասպանության ցածր մակարդակ ունեցող երկրներ`100.000 բնակչից տարեկան 10 հոգի, որոնց թվում է նաև Հայաստանը` 2,3 տոկոս ցուցանիշով
2. ինքնասպանության միջին մակարդակ ունեցող երկրներ`10-20 հոգի 100.000 բնակչից` ԱՄՆ, Իտալիա, Ավստրալիա
3. ինքնասպանության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցող երկրներ`20 հոգուց ավելի 100.000 բնակչից` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունգարիա:
Վերջին տասնամյակին երիտասարդների շրջանում ինքնասպանությունների թիվը 3 անգամ ավելացել է: Ամեն տարի 15-19 տարեկան յուրաքանչյուր 20-րդ դեռահաս ինքնասպանության փորձ է անում: Ռուսաստանը դեռահասների ինքնասպանության քանակով առաջին տեղում է:
Ինքնասպանության հիմնական պատճառներն են` անպատասխան սերը, կոնֆլիկտը ծնողների և հասակակիցների հետ, վախը ապագայի հանդեպ, միայնությունը:

“ Պատճառները շատ էին, ամեն ինչ հավաքվել էր: Հիմա ,երբ հետ եմ նայում, թվում է, թե դրանք դիմակայելի դժվարություններ էին: Այստեղ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու քեզ սպանում ես, ու թվում է` լուծումը գտնում ես: Բայց ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ կունենաս ինչ-որ բան փոխելու հնարավորություն”,-ասում է Գայանեն:
Ինքնասպանությունների 60 տոկոսը կատարվում է ամռանը և գարնանը: Հատկապես այս ժամանակաշրջանում է նկատվում բնության գունեղության հակադրությունը ներքին վիճակի անփոփոխության հետ: Ինքնասպանների հիվանդությունը համարվում է դեպրեսիան: Դեպրեսիայով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսը իրագործում է այն:
“ Հաճախ մարդիկ չգիտեն, որ ինքնասպանությունը մեղք մըն է: Մարդիկ կան, որ կըսեն` իմ կյանքս է, ինչն է մեղքը, ես ուրիշին չեմ վնասել: Չէ’, մեղք է այն, որովհետև կյանքը մերը չէ, կյանքը Ատծո նվերն է մեզի: Ինքնասպանությունը սպանությունների մեջ ամենամեծ մեղքն է, և եկեղեցին չի կատարում հուղարկավորությունը մեկի, ով ինքնասպան եղած է: Մարդ եթե զղջա իր մեղքին համար, մենք կդավանենք, որ Աստված կներե իր անկեղծ զղջումին համար: Ինքնասպանի թաղումը չեն կատարեր հենց այն բանի համար, որ ինքնասպանը իր մեղքին մեջը կմեռնի”,-ասում է Տեր Տաճատ քահանա Դավիդյանը:
Գոյություն ունեն էթնիկ խմբեր, որոնք հակված են ինքնասպանության. օրինակ ուգրոֆիննական խումբը: Ուդմուրտիայում, Հունգարիայում և Ֆինլանդիայում շատ բարձր է նության ինքնասպամակարդակը:
“ 25 քնաբեր դեղահաբ, դրան գումարած տաք լոգանք: Մտածում էի, որ կքնեմ ու թոքերիս մեջ ջուր կլցվի, երկակի ապահովագրություն, որ կմահանամ: Զգացողություն էր, որ այլևս ոչինչ քեզ չի ենթարկվում, ձեռքերդ, ոտքերդ քոնը չեն, դու նույնիսկ ի վիճակի չես աչքերդ բացելու, նույնիսկ ի վիճակի չես ինչ-որ կերպ արձագանքելու արտաքին աշխարհին:
Ես ուզում էի, որ ինձ հանեին ջրից: Զգում էի, որ շուտով իմ թոքերը կլցվեն ջրով, որ ես քնում եմ, որ էլ չեմ լինելու. քնում եմ, բայց ես չեմ ուզում, ուզում եմ վեր կենալ, ուզում եմ շարժվել, ուզում եմ գոռալ. ոչ մի ելք չկար, ու ամբողջ հոգով, ամբողջ սրտով երբևէ կատարած ամենահուզիչ աղոթքն էր.” Խնդրում եմ , Աստված, թող մեկը կոտրի դուռը, խնդրում եմ, խնդրում եմ, բաց արեք”:
“ Ինքնասպանության փորձից հետո նրանք շատ մեծ կարիք ունեն մասնագետի օժանդակության, հոգեբանի կամ նյարդաբանի հսկողության. շատ կարևոր է ցույց տալ նրանց իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհը: Եթե ցույց տաս, և իրենք փորձեն դա, երկրորդ անգամ չեն գործի ինքնասապանություն: Իսկ եթե որոշ ժամանակ հետո նրանք չեն գտնում այդ ճանապարհը, կրկնելու վտանգը շատ մեծ է”-ասում է հոգեբանը:
Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը թմրամոլների, հաշմանդամ մարդկանց, հոգեկան հիվանդների, ինչպես նաև քրոնիկ հարբեցողների մոտ է: Բոլոր ավարտված ինքնասպանությունների 1/3-ը և ինքնասպանության բոլոր փորձերի ¼-ը կատարում են հարբեցողները:
Հասարակական կատակլիզմները անմիջական ազդեցություն ունեն ինքնասպանության քանակի վրա. կենսամակարդակը և ինքնասպանությունների քանակը փոխկապակցված են: Վիճակագրության համաձայն` ինքնասպանություն կատարողների 56 տոկոսը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ է: Տնտեսական ճգնաժամերը ազդում են ոչ միայն սոցիալական, այլև հոգեկան վիճակի վրա. այս դեպքերում ապագան թվում է ծայրահեղ անորոշ, իսկ ինքնասպանությունը միակ լուծումը:
“ Հիշում եմ, երբ դուռը թակեցին, ու ես չարձագանքեցի, անհանգստացան. բա որ հանկարծ չբացեին, միգուցե չբացեին, միգուցե չլինեի: Բայց ես ուրախ եմ, որ այդ օրը բացեցին , և ուրախ եմ, որ իմ ցանկությունը չիրականցավ:
Այս պահին սիրում եմ կյանքը. յուրովի ես գնահատում , երբ ձեռք ես բերում նորը:
Հիմա իմ կյանքում հարաբերական անդորր է, բայց գիտեմ` եթե անգամ փոթորիկներ էլ լինեն, դրանցով է կյանքը գեղեցկանում”,-ասում է Գայանեն:
Հ.Գ. Ըստ կանխատեսումների` 2020 թվականին ինքնասպան կլինի մեկ ու կես միլիոն մարդ:
գերդոզավորում, դոզա, թմրամոլ, թմրամոլություն, լոմկա, կայֆ
կայֆի ու լոմկայի սահմանին..
In Journalism, No Comment, One day, Real Life on November 25, 2009 at 6:01 pm«Ոչ մեկին չեմ ցանկանա ո՛չ «լոմկան», ո՛չ էլ «դեղի վրա նստելը»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայում բուժվող 41-ամյա Արսենը (անունը փոխած է): 15 տարվա թմրամոլի ստաժ ունեցող այս տղամարդն իր կնոջն ու երկու` 4 և 8 տարեկան դուստրերին խոստացել է, որ բուժված կվերադառնա տուն:
Այսօր Հայաստանում հաշվառված մոտ 250 թմրամոլ կա, որոնց մեծամասնությունը 20-30 տարեկան տղամարդիկ են: Կանայք գնում են խորհրդատվության, բայց բուժման հազվադեպ են դիմում: Թյուր կարծիք կա, թե թմրամոլները միայն հարուստներն են: Այս երևույթը տիրում է հասարակության տարբեր շերտերում` մի տարբերությամբ` թմրանյութի տեսակի ու գնի:
«Թմրամոլությունը հիվանդություն է, որով մարդ կամավոր է հիվանդանում: Այն միմիայն կախված է մարդու կամքից»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայի դիսպանսեր բաժնի վարիչ Գայանե Վարդազարյանը:
Նարկոլոգիական կլինիակայում Հայաստանի հանրապետության քաղաքացիները բուժվում են պետպատվերի շրջանակներում, ենթարկվում են հաշվառման և 5 տարի գտնվում դիսպանսերային դիտարկամ մեջ:
«Մենք հիվանդի հետ պայմանավորվում ենք, որ նա պարբերաբար գա, ներկայանա, վիճակը տեսնենք. եթե պետք է, դեղորայք ստանա, նորից հետազոտվի: Եթե հիվանդը 5 տարվա ընթացքում չի օգտագործում թմրանյութեր, դուրս է գալիս հաշվառումից: Դա կոչվում է կայուն դադար, բայց ո՛չ առողջացում, որովհետև եթե նա 5 տարի հետո նորից սկսի թմրանյութ օգտագործել, նույն վիճակում կհայտնվի»,-ասում է Գայանե Վարդազարյանը:
Անանուն ստացիոնար բուժման դեպքում հիվանդը 24 օրվա, այսինքն` բուժման 1 կուրսի համար մոտ 130000 դրամ պետական մուծում պետք է կատարի: Անանուն բուժվող հիվանդները հաշվառման չեն ենթարկվում, և նրանց տվյալները չեն գրանցվում նարկոլոգիական կլինիկայում:
«Անանուն հիմնականում հարուստի երեխեքն են բուժվում: Մի քանի օր առաջ 18 տարեկան աղջիկ բերեցին. անանուն է բուժվում»,-ասում է կլինիկայի պահակներից մեկը:
Կլինիկայում բուժումը կամավոր է: Այլ կերպ հիվանդները չեն կարող բուժում ստանալ:
«Ցանկացած բժշկական միջամտության համար հիվանդի համաձայնությունը պարտադիր է: Նույնիսկ մի հաբ դեղորայքի հետ նա պետք է համաձայն լինի, ընդ որում, այդ համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր»,-նշում է Վարդազարյանը,- ՀՀ-ում կա նաև հարկադրական բուժում, որին ենթարկվում են հանցանք կատարած մարդիկ բժշկի եզրակացության հիման վրա դատարանի որոշմամբ»:
Առաջին փուլում տարվում է դեղորայքային բուժումը` հիվանդին զրկանքի վիճակից` այսպես կոչված «լոմկայից» հանելու համար: Այնուհետև բուժմանը միանում է նաև հոգեբանը:
«Մարդը գործածում է ինչ-որ նյութ, դա լինի ալկոհոլ,թե թմրանյութ, ու մի օր էլ չի գործածում: Այդ ժամանակ օրգանիզմը նրանից պահանջում է այդ նյութը: Եվ առաջանում է զրկանքի վիճակը: Էպիզոդիկ, տարին մեկ-երկու անգամ գործածության դեպքում զրկանքի վիճակ չի ձևավորվում: Այն ապացուցում է արդեն ձևավորված հիվանդությունը»,-բացատրում է Գայանեն:
Եթե «լոմկան» ունի ստույգ սահմանում, «կայֆը» ունի ինդիվիդուալ երանգներ` կախված գործածողի նախնական վիճակից, տրամադրության ֆոնից և գործածվող թմրանյութից: Թմրամոլներն ասում են, որ դա երանելի վիճակ է` ոչ մի ուրիշ հաճույքի հետ չհամեմատվող: Նույնիսկ օրգազմը նրանք օվկիանոսի մի կաթիլ են համարում «կայֆի» հետ համեմատած: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերդոզավորումը ավելի շատ լինում է տարբեր նյութերի զուգակցումից` ալկոհոլ և թմրանյութ, ալկոհոլ և քնաբեր, մի քանի տեսակ թմրանյութեր: Գերդոզավորման ժամանակ տեղի է ունենում շնչառական կենտրոնի ընկճում, հիվանդն ուղղակի չի շնչում ու մահանում է: Որպես կանոն, գերդոզավորմամբ հիվանդները չեն հասնում հիվանդանոց. այն տևում է վայրկյաններ: Հիվանդը պետք է շտապ թմրանյութը չեզոքացնող դեղորայք ընդունի: Որպես առաջին օգնություն կարելի է փորձել արհեստական շնչառություն և սրտի մերսում : Նարկոլոգիական կլինիկան դեռ գերդոզավորման բաժանմունք չունի` համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով, առայժմ այն վերակենդանացնող բաժանմունքի խնդիրն է:
Գայանե Վարդազարյանի խոսքերով՝ վերջին տարիներին թմրամոլների թիվը նկատելիորեն աճում է:
«Վերջերս մեզ ավելի շատ թմրամոլներ են դիմում: Վիճակագրություն չունեմ, բայց տրամաբանորեն կարելի է ասել` եթե շատ են դիմում, ուրեմն շատ կան»,-ասում է նա:
Արսենն արդեն 5 օր է, ինչ բուժվում է, ու վստահ է, որ էլ երբեք նույն կյանքին չի վերադառնա:
Ինչպե՞ս եք սկսել թմրանյութ օգտագործել:
-Մակ կոչվող բույս կա, դրա գլխի կաթը կարելի ա խմել և սրսկվել: Ես սրսկվում էի: Հենց դրանից եմ սկսել:
Քանի՞ տարեկանից եք սկսել սրսկվել:
-19 տարեկանից:
Ընկերնե՞րն առաջարկեցին…
-Չէ, ընկերս չառաջարկեց: Ընկերս շուտվանից էր անում, բայց չէր թողնում, որ ես անեի: Մի օր հյուրեր ունեինք, ընկերս տանը չէր: Հյուրերը առաջարկեցին: Ինձ շատ հետաքրքիր էր, ես էլ էի ուզում:
Ամեն «կայֆ» օգտագործել եմ: Սկզբից խանգա, հետո հերոին, հետո չեռնյաշկա, ինչ պատահեր:
Ի՞նչ արժեն թմրանյութերը:
-Շատ թանկ են: 1 գրամ չեռնյաշկան` 100 դոլլար: 1 գրամը 3-4 բաժին ա: Եթե «դոզայի վրա» ես «նստած», մի գրամը 2-3 բաժին ա: Ես մեծ «դոզայով» էի անում: Ինձ 2 գրամը հերիքում էր օրվա մեջ:
«Կայֆը» ինչպիսի՞ն է:
-Առաջին անգամ, որ սրսկվեցի թուլություն զգացի ու 6 ժամ աջ թևիս վրա քնեցի: Երբ արթնացա, թևս ցավում էր, ու մտածեցի ` դա ա «լոմկա»: Եթե ճիշտն ասեմ ոչ մի լավ բան չզգացի: Գիտեի` մակը որտեղ էր աճում, գնացի մի անգամ էլ օգտագործեցի: Երկրորդ անգամ էլ ոչինչ չզգացի: Երրորդ անգամ արդեն մեծ ցանկություն ունեի նորից փորձելու: Երրորդ անգամ զգացի, որ դրանից լավ «կայֆ» չկա:
«Կայֆը» ինչի՞ հետ կարելի է համեմատել:
-Ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Դու ավելի ես ուժեղանում, ուղեղդ լավ ա աշխատում, ավելի վստահ ես դառնում: Չեմ ասում` գնում ես ամեն ինչ ջարդուփշուր ես անում կամ գողանում-թալանում ես: Չէ՛, ուղղակի շատ լավ ես զգում քեզ:
Իսկ հաճույքը ո՞րն է:
-Հաճույքն էլ հենց դրա մեջ ա, էլի:
Արտաքնապես կարելի՞ է իմանալ` մարդը թմրանյութ է օգտագործել, թե ոչ:
-Դե, հասկացողը կհասկանա: Դեմքի արտահայտությունից կարող ես հասկանալ, խոսքից. էդ ժամանակ մարդը հանգիստ ա խոսում, ծամծմելով, բառերը կուլ ա տալիս, աչքերն անընդհատ փակում ա: Հենց դա ա «կայֆ»: Քեզ լավ ես զգում: Երբ սրսկվում ես, վրայից էլ «պլան ես քաշում», ավելի լավ «կայֆ» ա տալիս:
Գերդոզավորումից չէի՞ք վախենում:
-Չէ: Չափը միշտ պահել եմ: Ծանոթներիցս մեկը գերդոզավորումից մահացավ:
Իսկ լոմկան ի՞նչ տեսակ է:
-Լոմկան տեսակ չունի: Լոմկայից վատ հիվանդություն ես չեմ տեսել իմ կյանքում: Դա գժվելու պես մի բան ա: Շատ ցավալի վիճակ ա, շատ ցավալի: Սրտխառնոց, գլխապտույտ ես զգում: Ոնց որ երկաթե շղթաներով կապեն ձեռքերից, ոտքերից, մարմնից, պարանոցից ու էդ շղթայի բոլոր ծայրերից շատ ուժեղ ձգեն: Դա շատ անբացատրելի ցավ ա:
Քանի՞ տարի եք օգտագործել թմրանյութ:
-15 տարի: Ընդմիջումներ եղել են, բայց հնարավորություն չունեի, դրա համար չեմ արել: Վերջին 5 տարին ամեն օր արել եմ: Ես հաճույք էլ չէի ստանում: Ուղղակի բուժվում էի: Անում էի, որ վատ չլինեմ, կարողանամ քայլել, զբաղվել իմ գործերով: Հիվանդը ոնց ա բուժվում, այ տենց էլ ես: 11 օր չեմ արել ու չեմ էլ ուզում անել: Զզվեցի ամեն ինչից` էդ կյանքից, էդ բնույթից, ինքս ինձնից զզվեցի:
Ափսոսանքի զգացում կա՞ հիմա:
-Իհարկե, ափսոսում եմ: Որ «կվալդ» լիներ, կխփեի գլխիս: Ընկերներիս ասել եմ, որ գնում եմ բուժվելու, որ գամ, իրենք էլ բուժված լինեն: Հաստատ գիտեմ, որ էլ չեմ սրսկվի: Ես լավ անուն ունեի, աշխատանք ու շրջապատ: Անունս կորավ, ընկերներս հեռացան, աշխատանքս կորցրի: Թմրանյութը մի բան ա, որ մարդուն գցումա գետնին ու դարձնում ոչնչություն:
դեկտեմբեր, 2007