«Ոչ մեկին չեմ ցանկանա ո՛չ «լոմկան», ո՛չ էլ «դեղի վրա նստելը»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայում բուժվող 41-ամյա Արսենը (անունը փոխած է): 15 տարվա թմրամոլի ստաժ ունեցող այս տղամարդն իր կնոջն ու երկու` 4 և 8 տարեկան դուստրերին խոստացել է, որ բուժված կվերադառնա տուն:
Այսօր Հայաստանում հաշվառված մոտ 250 թմրամոլ կա, որոնց մեծամասնությունը 20-30 տարեկան տղամարդիկ են: Կանայք գնում են խորհրդատվության, բայց բուժման հազվադեպ են դիմում: Թյուր կարծիք կա, թե թմրամոլները միայն հարուստներն են: Այս երևույթը տիրում է հասարակության տարբեր շերտերում` մի տարբերությամբ` թմրանյութի տեսակի ու գնի:
«Թմրամոլությունը հիվանդություն է, որով մարդ կամավոր է հիվանդանում: Այն միմիայն կախված է մարդու կամքից»,-ասում է Նարկոլոգիական կլինիկայի դիսպանսեր բաժնի վարիչ Գայանե Վարդազարյանը:
Նարկոլոգիական կլինիակայում Հայաստանի հանրապետության քաղաքացիները բուժվում են պետպատվերի շրջանակներում, ենթարկվում են հաշվառման և 5 տարի գտնվում դիսպանսերային դիտարկամ մեջ:
«Մենք հիվանդի հետ պայմանավորվում ենք, որ նա պարբերաբար գա, ներկայանա, վիճակը տեսնենք. եթե պետք է, դեղորայք ստանա, նորից հետազոտվի: Եթե հիվանդը 5 տարվա ընթացքում չի օգտագործում թմրանյութեր, դուրս է գալիս հաշվառումից: Դա կոչվում է կայուն դադար, բայց ո՛չ առողջացում, որովհետև եթե նա 5 տարի հետո նորից սկսի թմրանյութ օգտագործել, նույն վիճակում կհայտնվի»,-ասում է Գայանե Վարդազարյանը:
Անանուն ստացիոնար բուժման դեպքում հիվանդը 24 օրվա, այսինքն` բուժման 1 կուրսի համար մոտ 130000 դրամ պետական մուծում պետք է կատարի: Անանուն բուժվող հիվանդները հաշվառման չեն ենթարկվում, և նրանց տվյալները չեն գրանցվում նարկոլոգիական կլինիկայում:
«Անանուն հիմնականում հարուստի երեխեքն են բուժվում: Մի քանի օր առաջ 18 տարեկան աղջիկ բերեցին. անանուն է բուժվում»,-ասում է կլինիկայի պահակներից մեկը:
Կլինիկայում բուժումը կամավոր է: Այլ կերպ հիվանդները չեն կարող բուժում ստանալ:
«Ցանկացած բժշկական միջամտության համար հիվանդի համաձայնությունը պարտադիր է: Նույնիսկ մի հաբ դեղորայքի հետ նա պետք է համաձայն լինի, ընդ որում, այդ համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր»,-նշում է Վարդազարյանը,- ՀՀ-ում կա նաև հարկադրական բուժում, որին ենթարկվում են հանցանք կատարած մարդիկ բժշկի եզրակացության հիման վրա դատարանի որոշմամբ»:
Առաջին փուլում տարվում է դեղորայքային բուժումը` հիվանդին զրկանքի վիճակից` այսպես կոչված «լոմկայից» հանելու համար: Այնուհետև բուժմանը միանում է նաև հոգեբանը:
«Մարդը գործածում է ինչ-որ նյութ, դա լինի ալկոհոլ,թե թմրանյութ, ու մի օր էլ չի գործածում: Այդ ժամանակ օրգանիզմը նրանից պահանջում է այդ նյութը: Եվ առաջանում է զրկանքի վիճակը: Էպիզոդիկ, տարին մեկ-երկու անգամ գործածության դեպքում զրկանքի վիճակ չի ձևավորվում: Այն ապացուցում է արդեն ձևավորված հիվանդությունը»,-բացատրում է Գայանեն:
Եթե «լոմկան» ունի ստույգ սահմանում, «կայֆը» ունի ինդիվիդուալ երանգներ` կախված գործածողի նախնական վիճակից, տրամադրության ֆոնից և գործածվող թմրանյութից: Թմրամոլներն ասում են, որ դա երանելի վիճակ է` ոչ մի ուրիշ հաճույքի հետ չհամեմատվող: Նույնիսկ օրգազմը նրանք օվկիանոսի մի կաթիլ են համարում «կայֆի» հետ համեմատած: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերդոզավորումը ավելի շատ լինում է տարբեր նյութերի զուգակցումից` ալկոհոլ և թմրանյութ, ալկոհոլ և քնաբեր, մի քանի տեսակ թմրանյութեր: Գերդոզավորման ժամանակ տեղի է ունենում շնչառական կենտրոնի ընկճում, հիվանդն ուղղակի չի շնչում ու մահանում է: Որպես կանոն, գերդոզավորմամբ հիվանդները չեն հասնում հիվանդանոց. այն տևում է վայրկյաններ: Հիվանդը պետք է շտապ թմրանյութը չեզոքացնող դեղորայք ընդունի: Որպես առաջին օգնություն կարելի է փորձել արհեստական շնչառություն և սրտի մերսում : Նարկոլոգիական կլինիկան դեռ գերդոզավորման բաժանմունք չունի` համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով, առայժմ այն վերակենդանացնող բաժանմունքի խնդիրն է:
Գայանե Վարդազարյանի խոսքերով՝ վերջին տարիներին թմրամոլների թիվը նկատելիորեն աճում է:
«Վերջերս մեզ ավելի շատ թմրամոլներ են դիմում: Վիճակագրություն չունեմ, բայց տրամաբանորեն կարելի է ասել` եթե շատ են դիմում, ուրեմն շատ կան»,-ասում է նա:
Արսենն արդեն 5 օր է, ինչ բուժվում է, ու վստահ է, որ էլ երբեք նույն կյանքին չի վերադառնա:
Ինչպե՞ս եք սկսել թմրանյութ օգտագործել:
-Մակ կոչվող բույս կա, դրա գլխի կաթը կարելի ա խմել և սրսկվել: Ես սրսկվում էի: Հենց դրանից եմ սկսել:
Քանի՞ տարեկանից եք սկսել սրսկվել:
-19 տարեկանից:
Ընկերնե՞րն առաջարկեցին…
-Չէ, ընկերս չառաջարկեց: Ընկերս շուտվանից էր անում, բայց չէր թողնում, որ ես անեի: Մի օր հյուրեր ունեինք, ընկերս տանը չէր: Հյուրերը առաջարկեցին: Ինձ շատ հետաքրքիր էր, ես էլ էի ուզում:
Ամեն «կայֆ» օգտագործել եմ: Սկզբից խանգա, հետո հերոին, հետո չեռնյաշկա, ինչ պատահեր:
Ի՞նչ արժեն թմրանյութերը:
-Շատ թանկ են: 1 գրամ չեռնյաշկան` 100 դոլլար: 1 գրամը 3-4 բաժին ա: Եթե «դոզայի վրա» ես «նստած», մի գրամը 2-3 բաժին ա: Ես մեծ «դոզայով» էի անում: Ինձ 2 գրամը հերիքում էր օրվա մեջ:
«Կայֆը» ինչպիսի՞ն է:
-Առաջին անգամ, որ սրսկվեցի թուլություն զգացի ու 6 ժամ աջ թևիս վրա քնեցի: Երբ արթնացա, թևս ցավում էր, ու մտածեցի ` դա ա «լոմկա»: Եթե ճիշտն ասեմ ոչ մի լավ բան չզգացի: Գիտեի` մակը որտեղ էր աճում, գնացի մի անգամ էլ օգտագործեցի: Երկրորդ անգամ էլ ոչինչ չզգացի: Երրորդ անգամ արդեն մեծ ցանկություն ունեի նորից փորձելու: Երրորդ անգամ զգացի, որ դրանից լավ «կայֆ» չկա:
«Կայֆը» ինչի՞ հետ կարելի է համեմատել:
-Ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Դու ավելի ես ուժեղանում, ուղեղդ լավ ա աշխատում, ավելի վստահ ես դառնում: Չեմ ասում` գնում ես ամեն ինչ ջարդուփշուր ես անում կամ գողանում-թալանում ես: Չէ՛, ուղղակի շատ լավ ես զգում քեզ:
Իսկ հաճույքը ո՞րն է:
-Հաճույքն էլ հենց դրա մեջ ա, էլի:
Արտաքնապես կարելի՞ է իմանալ` մարդը թմրանյութ է օգտագործել, թե ոչ:
-Դե, հասկացողը կհասկանա: Դեմքի արտահայտությունից կարող ես հասկանալ, խոսքից. էդ ժամանակ մարդը հանգիստ ա խոսում, ծամծմելով, բառերը կուլ ա տալիս, աչքերն անընդհատ փակում ա: Հենց դա ա «կայֆ»: Քեզ լավ ես զգում: Երբ սրսկվում ես, վրայից էլ «պլան ես քաշում», ավելի լավ «կայֆ» ա տալիս:
Գերդոզավորումից չէի՞ք վախենում:
-Չէ: Չափը միշտ պահել եմ: Ծանոթներիցս մեկը գերդոզավորումից մահացավ:
Իսկ լոմկան ի՞նչ տեսակ է:
-Լոմկան տեսակ չունի: Լոմկայից վատ հիվանդություն ես չեմ տեսել իմ կյանքում: Դա գժվելու պես մի բան ա: Շատ ցավալի վիճակ ա, շատ ցավալի: Սրտխառնոց, գլխապտույտ ես զգում: Ոնց որ երկաթե շղթաներով կապեն ձեռքերից, ոտքերից, մարմնից, պարանոցից ու էդ շղթայի բոլոր ծայրերից շատ ուժեղ ձգեն: Դա շատ անբացատրելի ցավ ա:
Քանի՞ տարի եք օգտագործել թմրանյութ:
-15 տարի: Ընդմիջումներ եղել են, բայց հնարավորություն չունեի, դրա համար չեմ արել: Վերջին 5 տարին ամեն օր արել եմ: Ես հաճույք էլ չէի ստանում: Ուղղակի բուժվում էի: Անում էի, որ վատ չլինեմ, կարողանամ քայլել, զբաղվել իմ գործերով: Հիվանդը ոնց ա բուժվում, այ տենց էլ ես: 11 օր չեմ արել ու չեմ էլ ուզում անել: Զզվեցի ամեն ինչից` էդ կյանքից, էդ բնույթից, ինքս ինձնից զզվեցի:
Ափսոսանքի զգացում կա՞ հիմա:
-Իհարկե, ափսոսում եմ: Որ «կվալդ» լիներ, կխփեի գլխիս: Ընկերներիս ասել եմ, որ գնում եմ բուժվելու, որ գամ, իրենք էլ բուժված լինեն: Հաստատ գիտեմ, որ էլ չեմ սրսկվի: Ես լավ անուն ունեի, աշխատանք ու շրջապատ: Անունս կորավ, ընկերներս հեռացան, աշխատանքս կորցրի: Թմրանյութը մի բան ա, որ մարդուն գցումա գետնին ու դարձնում ոչնչություն:
դեկտեմբեր, 2007




90-ականների հացի հերթն է հիշեցնում Orange-ի սպասարկման
deja vu / jame vu, Ֆրեյդ, այլընտրանքային իրականություն, դեժավյու, ժամեվյու, ինտուիցիա, հոգեբանություն, ռեինկառնացիա
deja vu` այլընտրանքային իրականություն
In Irrational, No Comment, One day, Real Life on November 29, 2009 at 4:46 pmԴեժավյու ապրում են գրեթե բոլորը: Այն բավական տարածված երևույթ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկան մոտ 97 % իր կյանքում գոնե մեկ անգամ ապրում է այն:
Դեժավյուն (ֆր. deja vu-արդեն տեսած) հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը զգում է, որ ինքն արդեն եղել է նման իրավիճակում, սակայն այս զգացումը չի կապվում անցյալի որոշակի պահերի հետ, այլ վերաբերում է անցյալին ընդհանրապես: Դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են պահպանվել տարիներով: Սակայն մարդ այն մանրամասները չի կարող վերականգնել իր հիշողությունում, ինչը, իր կարծիքով, հիշում էր դեժավյու ապրելիս:
Դեժավյու ֆենոմենը ժամանակակից գիտության կողմից շատ քիչ է հետազոտված` չնայած որ առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է դեռևս 19-րդ դարավերջին ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից: Նաև գրեթե չկա գրականություն, որտեղ կարելի է կարդալ այսօր շատերի հետաքրքրության և քննարկման առարկա դարձած երևույթի մասին: Գիտնականները չեն կարողանում այս ֆենոմենին հստակ բացատրություն տալ: Թեև դրա գոյության մի քանի հիպոթեզ կա:
Զիգմունդ Ֆրեյդն առաջիններից մեկն էր, որ փորձեց բացատրել այս երևույթը: Նա կարծում էր` «արդեն տեսած» զգացողությունը հիշողության մեջ լինում է ենթագիտակցության երևակայության հանկարծակի փայլատակման արդյունքում: Պարահոգեբանները առաջ են քաշում իրենց վարկածը, որը կապված է ռեինկառնացիայի հետ. այսինքն` մահից հետո հոգու անվերջ տեղափոխությունը մի մարմնից մյուս մարմին: Դասական գիտությունն այս վարկածը չի ընդունում, քանի որ այն գտնվում է մարդու հավատի մակարդակում, և շատ փաստեր անհնար է բացատրել: Հոգեբույժները դեժավյուն դասակարգում են իբրև հոգեկան խանգարում, եթե այն չափազանց հաճախ է լինում: Ֆիզիկոսները դեժավյուն դիտարկում են որպես ժամանակի խախտում: Անցյալը, ներկան և ապագան կատարվում են միաժամանակ, իսկ մարդը ընդունակ է ընկալելու միայն «հիման»: Երբ ժամանակային շերտը ինչ-որ պատճառներով տեղաշարժվում է, կատարվում է դեժավյու: Այն ավելի հաճախ լինում է 15-25 տարեկան երիտասարդների մոտ: Գլխուղեղի որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ էպիլեպսիայի, դեժավյուն մի քանի անգամ ավելի հաճախ է լինում: Բժիշկները նշում են, որ հիշողության այդտեսակ խանգարումը հաճախ նկատվում է հիշողության տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ:
Փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով դեժավյուն մեր չգիտակցված կանխազգացումն է, որը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ մենք այն համարում ենք իրական:
Դեժավյուն կապում են նաև քնի հետ. այն առաջ է գալիս քնած ժամանակ ենթագիտակցությունում ինֆորմացիայի մշակման արդյունքում: Ոմանք այն վերագրում են կեղծ հիշողության դրսևորմանը ուղեղի աշխատանքում. ավելի ստույգ նրա որոշակի գոտում կատարվում է խախտում և այն սկսում է անհայտը հայտնիի տեղ ընդունել: Մինչև վերջերս այս երևույթը արհեստականորեն նույնիսկ չէին փորձարկում, քանի որ չգիտեին, թե այն ինչի հետևանքով է առաջանում: Ամերկացի գիտնականների վերջին հետազոտությունները պարզեցին, որ դեժավյուի էֆֆեկտի առաջացման համար պատասխանատու է գլխուղեղի որոշակի գոտին` հիպպոկամպը: Հենց այստեղ են պահպանվում առանձնահատուկ սպիտակուցները, որոնք պատախանատու են պատկերների միանգամից ճանաչման համար: Այս հետազոտությունում նույնիսկ որոշված է գլխուղեղի բջիջների կառուցվածքը, որը պարունակում է ցանկացած նոր տեղանքի պատճենը, որտեղ մենք հայտնվում ենք: Ստացվում է, որ մեր ուղեղը ամեն ինչ ծրագրել է նախապես:
Հոգեբան Վլադիմիր Միքայելյանը դեժավյուն բացատրում է որպես հիշողություն ապագայի մասին:
«Ես հակված եմ կարծելու, որ մարդն արդեն ծնվելիս գիտի իր ապագան: Այդ ապագայի մասին գիտելիքը կինոժապավենի պես շատ արագ պտտվում է և անմիջապես իջնում անգիտակցական մակարդակ: Եվ կյանքի ընթացքում, երբ այդ ժապավենը դանդաղ է պտտվում, մենք հանկարծակի հիշում ենք այն, ինչ արդեն տեսել ենք ծնվելիս»,-ասում է նա:
Վլադիմիր Միքայելյանի համոզմամբ դեժավյուն բացահայտելու համար մարդուն հոգեկան հասուն մակարդակ է անհրաժեշտ: Իսկ այդ մակարդակին կարելի է հասնել որոշակի հոգեբանական թրեյնինգների միջոցով:
Կա դեժավյուի ճիշտ հակառակ երևույթը՝ ժամեվյուն (ֆր. jame vu-երբեք չտեսած): Սա վիճակ է, երբ մարդուն սովորական իրավիճակում ամեն ինչ անծանոթ է թվում: Նա կարող է զրուցել մարդու հետ, ում լավ ճանաչում է, և հանկարծ նա իրեն լրիվ անծանոթ թվա: Սենյակը, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում, կարող է ամբողջովին օտար կամ նոր թվալ:
Գիտնականները դեժավյուի մասին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս, միգուցե դեռևս հոգեբանական հասուն մակարդակի չհասնելու պատճառով: Ու դեժավյուն շարունակում է առեղծված մնալ, որն ապրելիս ոմանք երբեմն խուճապի են մատնվում, ոմանք թեթև հաճույք են ստանում անբացատրելի զգացողությունից, ոմանք էլ այն ընդունում են որպես այլընտրանքային իրականություն: