Նա ինձ համար ամեն ինչ էր: Աշխարհում ամենաթանկ մարդն էր… ամենա…
Գիտես՝ ոչինչ պատահական չի լինում: Այս տարի չգիտես ինչու ամեն ինչ սեւ էի գնում՝ շրջազգեստ, ժակետ, կոշիկ… ես, որ գույների սիրահար եմ, երբեք սեւ չեմ հագել:
Վերջին 3 օրը այնքան անհանգիստ էի, անհանգստության գագաթնակետն էր, այնքան վատ էի, անասելի, ու ամեն օր ուզում էի զանգել, իսկ այսօր հաստատ որոշել էի, որ գամ տուն զանգելու եմ: Սիրտս այնքան վատ էր, աղոթում էի անընդհատ, այն որ ինքնաբուխ է լինում, հանկարծ, սպոնտան:
Առավոտյան մամայի մեսինջեր մտա, ընկերուհուս տեսա էնտեղ, նրա նկարն էր փրոֆ փիք դրել: Շատ սիրուն էր էդ նկարը ու քոմմենթել էր՝ «Աստված պահպանի նրան»: Ես էլ քոմմենթեցի: Հաստատ գիտեի, որ լավանալու է, բուժվելու է: Ու թող թեկուզ միակը լիներ բոլոր մարդկանց մեջ, բացառություն..
Երեկոյան, որ եկա տուն, անկապ, սովորաբար էդպես չեմ անում, մոտեցա կոմպին, կոմպի սքրինսեյվերն էր միացած, շարժեցի մկնիկը, մամայի մեսինջերն էր բացած, մեսսիջներ կար ընկերուհուցս, 2 մեսսիջ իրար հետեւից, գրած էր՝ « ասում են միայն ոսկորներն էր մնացել», «հինգշաբթի հուղարկավորելու են»: Ու չէի հասկանում ինչ է կատարվում, նորից կարդացի ու էլի չհասկացա: Հետո հասկացա: Մոտս հիստերիա սկսվեց: Չէի հավատում: Մտածում էի՝ ուրիշ մարդու մասին է գրած, միանգամից զանգեցի ընկերուհուս, արդեն ոռնում էի ու չէի հասկանում՝ ինչ էր ասում, նա էլ էր լացում: Էլ չէի լսում: Անջատեցի:
Հետո զանգեցի կնքամորս: Նա չէր լացում: Կնքամայրս մի ժամանակ եկեղեցում էր աշխատում կնքահորս մոտ: Ու ամեն ինչ հասկանալի էր: Ուղղակի չէր լացում: Միայն ասաց՝ «պինդ եղիր»…. այդքանը:
Երբեք հայկական եկեղեցի չեմ մտնում, երեկ չէ առաջին օրը ահավոր ուզեցի, հենց շաբաթ օրը, մտա Լուսավորիչ, կյանքումս մի անգամ էի եղել, երբ նոր էր բացվել, ուղղակի ուզեցի մտնել, հենց այնպես: Շաբաթ օրն էին իրեն տուն տեղափոխել, արդեն անիմաստ էր Իսրայել տանելը:
Նա ինձ ոտքից գլուխ գիտեր, մինչեւ մազիս ծայրը: Նա առհասարակ շատ ուժեղ հոգեբան էր, մարդկանց անգիր գիտեր, ճանաչում էր բոլորին: Նրա համար բոլորը թափանցիկ էին, գիտեր՝ ինչ էին մտածում, ինչի են ընդունակ, անգամ անծանոթ մարդիկ: Իսկ ինձ…. անգամ ապաշխարելու ժամանակ կարող էի ոչինչ չասել, ու միակն էր ում ապաշխարում էի մինչեւ վերջ, հատիկ առ հատիկ ասում էի ամեն ինչ, անգամ այնպիսի բաներ, որոնք ամաչում ես ինքդ քեզ խոստովանել: Իսկ նա ինձ շատ էր սիրում, մի տեսակ առանձնահատուկ սիրով: Պատարագներից հետո մեքենայով տանում էր կամ տուն կամ իր տուն: Մի անգամ էլ էդպես գնացինք իր տուն: Հարցրեց՝ թեյ կխմե՞ս, ասացի՝ հա, ու էդպես խոսում էինք, ասացի, որ թեյը կոնյակով եմ սիրում, ասաց՝ դե կոնյակ կբերեմ: Կախեթական օղի բերեց, որը ահավոր հոտ ունի ու չճանաչել հնարավոր չի, բայց մի տեսակ կոնյակի գույն ուներ, ասաց՝ կոնյակ է, ասացի՝ հնարավոր չի, ճաճա է, ասաց՝ չէ, կոնյակ է, լցրու խմիր, ու բաժակիս կեսը լցրեց: Ես էլ հավատացի, որովհետեւ նա էր ասում, ու խմեցի, որովհետեւ նա էր լցրել: Հետո հարցրեց՝ դուր եկա՞վ, ասացի՝ շատ վատ համ ուներ քո կոնյակը: Ծիծաղեց, ասաց՝ կոնյակ չէր, ճաճա էր, ասաց՝ ես կոնյակ չեմ խմում, երդվել եմ: Բայց տանը մի կոնյակ ուներ, ընդամենը մի շիշ, ու այդ կոնյակը այդ օրը նվիրեց ինձ:
Մի անգամ էլ ասաց՝ առավոտյան հինգին պատրաստ եղիր, կգամ քո հետեւից կգնանք Սիղնաղիի եկեղեցի: Ու ես, որ շատ էի սիրում քնել, երբեք խնդիր չէի ունենում արթնանալու, երբ առավոտ շուտ պատարագի էի գնում կամ նա իր հետ տեղ էր տանում:

Ցուրտ էր: Մարտ ամիսն էր կամ էլ ապրիլի սկիզբը: Ու անձրեւ էր գալիս ահավոր, եկավ ու միասին գնացինք: Ճանապարհը ահավոր փչացել էր անդադար անձրեւներից, ցեխ էր, իսկ այդ եկեղեցին սարի վրա էր՝ ոլորապտույտ ճանապարհներով: Ու գնացինք:
Ու ես միշտ հպարտ էի իր կողքին, ահավոր հպարտ, ու բոլորին ասում էի, որ նա իմ կնքահայրն է, ոնց որ բրենդ լիներ ու ինձ պատկանող, ու ինքն էլ էր հպարտ, բոլորին ասում էր, որ ես իր սանիկն էմ, բոլորին, ում տեսնում էր, ու ծանոթացնում էր:
Երբ մտանք եկեղեցի, ինձ մենակ թողեց: Առավոտյան շուտ, հատկապես երբ անձրեւ է գալիս ու մութ է, ուրիշ աուրա է եկեղեցում: Ու ցուրտ էր, աղոթելուց հետո կուչ եկած նստած էի, հետո կարծեմ մի պահ քնեցի ու հասկացա, որ կմնայի էդտեղ ու էլ չէի վերադառնա: Լավ էր: Չէ, լավը այդ բառը չի, մի տեսակ շատ աշխարհիկ ու թույլ բառ է լավը: Ուրիշ էր էնտեղ ամեն ինչ՝ ժամանակը, տարածությունը, սահմաններ չկան, թեթեւ էր շատ: Դու էնտեղ միշտ բարի ես. թեեւ նա արգելում էր ինձ ասել բարի: Ասում էր՝ բարի միայն Աստված է: Իսկ նա նման էր Աստծուն:
Վերջին անգամ մարտին տեսա: Հունվարին զանգեցի ծնունդը շնորհավորելու, ասաց՝ շատ վատ եմ, մտածեցի գրիպ է կամ էդպիսի մի բան, ասաց՝ լուրջ հիվանդ եմ, առողջական խնդիր ունեմ, բուժվում եմ: Ասաց՝ լավ կլինի…
Մարտին գնացի: Արդեն չէր գնում եկեղեցի, ուրիշ քահանաներ էին պատարագներն անցկացնում, իսկ ես չէի գնում պատարագների:
Զանգեցի երեկոյան: Քնած էր: Կնոջ հետ խոսեցի, ասաց՝ լավ է, նա միշտ էդպես էր ասում: Առավոտյան գնացի եկեղեցի: Հետո գնացի նրա մոտ: Բոյով էր, վեղարով, բակում կանգնած էր, ահավոր նիհարած էր ու սփրթնած: Շատ պինդ գրկեց ինձ: Ասաց՝ բուժվում եմ, ասաց՝ Գերմանիա ուղարկած անալիզի պատասխանները դրական են, բան չկա, ասաց՝ կգնամ Լենինգրադ, վրացի վիրաբույժներ կան, հայտնի են, իրենք կբուժեն: Չէր կարողանում ուտել ոչինչ, ինչ-որ անհամ խյուսեր էր ուտում ու լիքը դեղեր էր խմում, ու զգում էի, որ վատ էր, բայց ժպտում էր ու ամեն ինչ անում էր, որ ես ուրախ լինեմ, թույլ էր շատ, բայց անեկդոտներ էր պատմում, ինձ զվարճացնում էր հետաքրքիր պատմություններով: Հետո ինձ նկարեց իր հեռախոսով, հետո էլ Լենինգրադի համարները տվեց, ասաց՝ զանգիր ինձ: Որ գնաց Լենինգրադ, էդ ամբողջ ընտացքում ոչ մի անգամ չկարողացա խոսել հետը, անընդհատ ասում էին՝ չի կարող խոսել, չէին թողնում, հետո էլ տանը, կինը ասում էր՝ լավ է, նա միշտ էդպես էր ասում, ասում էր՝ լավ է, բայց թույլ է, չի կարող խոսել հիմա: Հետոն էլ չեկավ..
Այս անգամ որ գնացի, զանգեցի, էլի կինը վերցրեց, ասաց՝ լավ է արդեն, ուղղակի թույլ է, չի կարող խոսել: Հետո ընկերներից մի քանիսը գնացել էին մոտը: Ինքը հեռու էր գնացել, հորական տուն, մեր տնից 4-5 ժամ հեռավորության վրա: Գնացել էին, ասում էին՝ ուրախ է, լավ է, իսկ ես չէի հավատում, կնքամորս ասացի՝ հնարավոր չի, մարդ, երբ լավ է լինում, կարողանում է հեռախոսով խոսել, ասում էի՝ ինքը էդպիսի մարդ է, ժպտում է, որ չտխրեցնի, փորձում է զվարճացնել, բայց շատ վատ է: Սարսափելի ցավեր ուներ ու տառապում էր շատ: Ամեն անգամ ուտելուց ու դեղ խմելուց խաչակնքում էր: Կնքամայրս ասաց՝ չէ, արդեն լավ է, որ վատ լիներ, կզգային երեխեքը: Ու ես հանկարծ սկսեցի գոռալ, ասացի՝ դուք չեք հասկանում, նա շատ վատ է, ձեզ թվում է, որ ժպտում է, լավացել է, ՁԵԶ համար է անում:
Մի քանի օր հետո ասացին, որ փող են հավաքում, որ տանեն Իսրայել: Արդեն պարզ էր: Արդեն լավացած մարդուն Իսրայել չեն տանում: Ու ես էլ ոչինչ ոչ մեկին չասացի: Խնդրեցի մեքենա գտնեն, որ գնանք նրան տեսնելու: Չգտան: Այդ ընթացքում անընդհատ գնում-գալիս էի Թբիլիսի: Հետո քեռիիս խնդրեցի, որ տանի նրա մոտ: Հետո չգնացինք, չգիտեմ՝ ինչու:
Գալուց առաջ ասացին՝ տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը, նշանակում էր՝ շատ էր վատացել: Ու ես որոշեցի գնալ իրեն տեսնելու՝ չնայած գիտեի, որ չէին թողնի, չէին թողնի տեսնել իրեն, ու էլի չգնացինք, որովհետեւ ես չգիտեի՝ որ հիվանդանոցում էր պառկած: Ու էդպես էլ չտեսա իրեն: Ու նա իմ հիշողության մեջ մնաց բոյով, սեւ վեղարով, նիհար ու սփրթնած, բայց ժպիտը դեմքին…..
Ես նրան միշտ կարոտում էի, անգամ երբ կողքիս էր: Կողքիս նստած էր, իսկ ես կարոտում էի, մի տեսակ յուրահատուկ անուշ հոտ ուներ, երբեք ոչ մի օծանելիք չէր օգտագործում, բայց անուշ էր բուրում… մի տեսակ ուրիշ տեսակ, ու հիմա էլ կարոտում եմ, ու ականջներումս հնչում է նրա ձայնը՝ Աննուշկի…
Ես էլ զգացի այդ բույրն ու կարոտեցի Նրան…
Ցաւակցում եմ Աննա ջան…
Աշխարհում միակ իրականութիւնը մահն է, եւ լաւ է որ փորձում ես ճեղքել զայն… գրելով! Ապրես!
Գիտես, դու ՊԵՏՔ է գնայիր…դու ամեն ինչ զգում ես, դու ամեն ինչ գիտես, բայց այդ ամենը միշտ քո ներսում է, իսկ դրսում … չկա…
Լսիր, ես քեզ սիրում եմ, որովհետեւ ԿԱՍ, ԱՊՐՈՒՄ ԵՍ, ԶԳՈՒՄ…
բայց ՊԻՏԻ գնայիր…
ֆիզիկապես չգնացիր, հոգեպես նույնիսկ խնամել ես նրան…
եթե քո հոգեւորը մի օր ճանապարհորդի դեպի իրականություն…դու կլինես լավը, չէ, ՈՒՐԻՇԸ…
Ինձ համար դու այդպիսինն ես…եւս մի քանիսի համար…իսկ մնացածը? թքած մնացածը…
Միշտ հիշիր… չդադարես… բայց իմացիր, որ պետք չէ տխրել… Ինքը չէր ուզենա…հաստատ