Anna Barseghyan

Archive for September, 2009|Monthly archive page

suicide or .. loss of soul

In Real Life on September 20, 2009 at 11:15 pm

“Թերևս չկա մի մտածող մարդ, ով իր կյանքում երբևէ մտածած չլինի ինքնասպանության մասին ”:
Ու. Ջեյմս

“Զգում էի և’ տագնապ, և’ հույս, և’ աներևակայելի խաղաղություն, աներևակայելի հանգստություն, որ շուտով այս ամենը կվերջանա, նաև վախ, որ այս ամենը էլ չի լինի”,-ասում է ինքնասպանության 3 փորձ կատարած 20-ամյա Գայանեն (անունը փոխած է):

Պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի ինքնասպան է լինում 1 միլիոն մարդ, այդ թվում` 280.000 չինացի, 60.000 ռուս, 30.000 ամերիկացի, 20.000 ֆրանսիացի:
Ինքնասպանության պաշտոնական վիճակագրությունն էականորեն տարբերվում է ինքնասպանության իրական թվերից, քանի որ այն ներառում է միայն ինքնասպանության բացահայտ դեպքերը: Իրականում ինքնասպանության դեպքերը 4 անգամ ավելի են: Դատական փորձագետների կարծիքով` այսպես կոչված “դժբախտ պատահարներից”, ճանապարհատրանսպորտային վթարներից, դեղերի գերդոզավորումից մահերի մեծամասնությունն իրականում ինքնասպանություններ են:
Ոչ մի մարմին չի գրանցում ինքնասպանության անհաջող դեպքերը, որոնց թիվը տարբեր գնահատումներով 10-20 անգամ ավելի է, քան ավարտված ինքնասպանություններինը:

Ինքնասպանության հիմքում ընկած է անձի կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Տեղի է ունենում իրականության և այդ մարդու արժեքային համակարգի բախում, որը մեծ է իր էներգետիկայով: Այն սովորական կոնֆլիկտ չէ. այդ ժամանակ մարդու մոտ շատ բարդ պրոցեսներ են ընթանում, և ինչպես ցանկացած կոնֆլիկտից, այդ կոնֆլիկտից պետք է լուծում գտնել. անձի առանձնահատկությունների հիման վրա անձը որոշում է կայացնում. ինքնասպանությունը այս կոնֆլիկտից դուրս գալու որոշման տարբերակներից մեկն է”,-ասում է հոգեբան Դավիթ Ամիրյանը:

Ավարտված ինքնասպանությունների թիվը տղամարդկանց շրջանում միջինը 4 անգամ ավելի է, քան կանանցը: Տարիքի հետ` 65-85 տարեկանում, այս հարաբերակցությունը մեծանում է 6-9 անգամ: Մյուս կողմից կանայք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, բայց ընտրում են ավելի մեղմ տարբերակներ, որոնք հազվադեպ են բերում մահվան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրները, ըստ ինքնասպանության ցուցանիշի, բաժանում է 3 խմբի`
1. ինքնասպանության ցածր մակարդակ ունեցող երկրներ`100.000 բնակչից տարեկան 10 հոգի, որոնց թվում է նաև Հայաստանը` 2,3 տոկոս ցուցանիշով
2. ինքնասպանության միջին մակարդակ ունեցող երկրներ`10-20 հոգի 100.000 բնակչից` ԱՄՆ, Իտալիա, Ավստրալիա
3. ինքնասպանության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցող երկրներ`20 հոգուց ավելի 100.000 բնակչից` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունգարիա:

Վերջին տասնամյակին երիտասարդների շրջանում ինքնասպանությունների թիվը 3 անգամ ավելացել է: Ամեն տարի 15-19 տարեկան յուրաքանչյուր 20-րդ դեռահաս ինքնասպանության փորձ է անում: Ռուսաստանը դեռահասների ինքնասպանության քանակով առաջին տեղում է:
Ինքնասպանության հիմնական պատճառներն են` անպատասխան սերը, կոնֆլիկտը ծնողների և հասակակիցների հետ, վախը ապագայի հանդեպ, միայնությունը:

she

“ Պատճառները շատ էին, ամեն ինչ հավաքվել էր: Հիմա ,երբ հետ եմ նայում, թվում է, թե դրանք դիմակայելի դժվարություններ էին: Այստեղ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու քեզ սպանում ես, ու թվում է` լուծումը գտնում ես: Բայց ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ կունենաս ինչ-որ բան փոխելու հնարավորություն”,-ասում է Գայանեն:

Ինքնասպանությունների 60 տոկոսը կատարվում է ամռանը և գարնանը: Հատկապես այս ժամանակաշրջանում է նկատվում բնության գունեղության հակադրությունը ներքին վիճակի անփոփոխության հետ: Ինքնասպանների հիվանդությունը համարվում է դեպրեսիան: Դեպրեսիայով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսը իրագործում է այն:

“ Հաճախ մարդիկ չգիտեն, որ ինքնասպանությունը մեղք մըն է: Մարդիկ կան, որ կըսեն` իմ կյանքս է, ինչն է մեղքը, ես ուրիշին չեմ վնասել: Չէ’, մեղք է այն, որովհետև կյանքը մերը չէ, կյանքը Ատծո նվերն է մեզի: Ինքնասպանությունը սպանությունների մեջ ամենամեծ մեղքն է, և եկեղեցին չի կատարում հուղարկավորությունը մեկի, ով ինքնասպան եղած է: Մարդ եթե զղջա իր մեղքին համար, մենք կդավանենք, որ Աստված կներե իր անկեղծ զղջումին համար: Ինքնասպանի թաղումը չեն կատարեր հենց այն բանի համար, որ ինքնասպանը իր մեղքին մեջը կմեռնի”,-ասում է Տեր Տաճատ քահանա Դավիդյանը:

Գոյություն ունեն էթնիկ խմբեր, որոնք հակված են ինքնասպանության. օրինակ ուգրոֆիննական խումբը: Ուդմուրտիայում, Հունգարիայում և Ֆինլանդիայում շատ բարձր է նության ինքնասպամակարդակը:

“ 25 քնաբեր դեղահաբ, դրան գումարած տաք լոգանք: Մտածում էի, որ կքնեմ ու թոքերիս մեջ ջուր կլցվի, երկակի ապահովագրություն, որ կմահանամ: Զգացողություն էր, որ այլևս ոչինչ քեզ չի ենթարկվում, ձեռքերդ, ոտքերդ քոնը չեն, դու նույնիսկ ի վիճակի չես աչքերդ բացելու, նույնիսկ ի վիճակի չես ինչ-որ կերպ արձագանքելու արտաքին աշխարհին:
Ես ուզում էի, որ ինձ հանեին ջրից: Զգում էի, որ շուտով իմ թոքերը կլցվեն ջրով, որ ես քնում եմ, որ էլ չեմ լինելու. քնում եմ, բայց ես չեմ ուզում, ուզում եմ վեր կենալ, ուզում եմ շարժվել, ուզում եմ գոռալ. ոչ մի ելք չկար, ու ամբողջ հոգով, ամբողջ սրտով երբևէ կատարած ամենահուզիչ աղոթքն էր.” Խնդրում եմ , Աստված, թող մեկը կոտրի դուռը, խնդրում եմ, խնդրում եմ, բաց արեք”:

Ինքնասպանության փորձից հետո նրանք շատ մեծ կարիք ունեն մասնագետի օժանդակության, հոգեբանի կամ նյարդաբանի հսկողության. շատ կարևոր է ցույց տալ նրանց իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհը: Եթե ցույց տաս, և իրենք փորձեն դա, երկրորդ անգամ չեն գործի ինքնասապանություն: Իսկ եթե որոշ ժամանակ հետո նրանք չեն գտնում այդ ճանապարհը, կրկնելու վտանգը շատ մեծ է”-ասում է հոգեբանը:

Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը թմրամոլների, հաշմանդամ մարդկանց, հոգեկան հիվանդների, ինչպես նաև քրոնիկ հարբեցողների մոտ է: Բոլոր ավարտված ինքնասպանությունների 1/3-ը և ինքնասպանության բոլոր փորձերի ¼-ը կատարում են հարբեցողները:
Հասարակական կատակլիզմները անմիջական ազդեցություն ունեն ինքնասպանության քանակի վրա. կենսամակարդակը և ինքնասպանությունների քանակը փոխկապակցված են: Վիճակագրության համաձայն` ինքնասպանություն կատարողների 56 տոկոսը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ է: Տնտեսական ճգնաժամերը ազդում են ոչ միայն սոցիալական, այլև հոգեկան վիճակի վրա. այս դեպքերում ապագան թվում է ծայրահեղ անորոշ, իսկ ինքնասպանությունը միակ լուծումը:

“ Հիշում եմ, երբ դուռը թակեցին, ու ես չարձագանքեցի, անհանգստացան. բա որ հանկարծ չբացեին, միգուցե չբացեին, միգուցե չլինեի: Բայց ես ուրախ եմ, որ այդ օրը բացեցին , և ուրախ եմ, որ իմ ցանկությունը չիրականցավ:
Այս պահին սիրում եմ կյանքը. յուրովի ես գնահատում , երբ ձեռք ես բերում նորը:
Հիմա իմ կյանքում հարաբերական անդորր է, բայց գիտեմ` եթե անգամ փոթորիկներ էլ լինեն, դրանցով է կյանքը գեղեցկանում”,-ասում է Գայանեն:

Հ.Գ. Ըստ կանխատեսումների` 2020 թվականին ինքնասպան կլինի մեկ ու կես միլիոն մարդ:

բոյով, սեւ վեղարով, սփրթնած, բայց ժպիտը դեմքին..

In Uncategorized on September 8, 2009 at 4:30 pm

Նա ինձ համար ամեն ինչ էր: Աշխարհում ամենաթանկ մարդն էր… ամենա…

Գիտես՝ ոչինչ պատահական չի լինում: Այս տարի չգիտես ինչու ամեն ինչ սեւ էի գնում՝ շրջազգեստ, ժակետ, կոշիկ… ես, որ գույների սիրահար եմ, երբեք սեւ չեմ հագել:

Վերջին 3 օրը այնքան անհանգիստ էի, անհանգստության գագաթնակետն էր, այնքան վատ էի, անասելի,  ու ամեն օր ուզում էի զանգել, իսկ այսօր հաստատ որոշել էի, որ գամ տուն զանգելու եմ: Սիրտս այնքան վատ էր, աղոթում էի անընդհատ, այն որ ինքնաբուխ է լինում, հանկարծ, սպոնտան:

Առավոտյան մամայի մեսինջեր մտա, ընկերուհուս տեսա էնտեղ, նրա նկարն էր փրոֆ փիք դրել: Շատ սիրուն էր էդ նկարը ու քոմմենթել էր՝ «Աստված պահպանի նրան»: Ես էլ քոմմենթեցի: Հաստատ գիտեի, որ լավանալու է, բուժվելու է: Ու  թող թեկուզ միակը լիներ բոլոր մարդկանց մեջ, բացառություն..

Երեկոյան, որ եկա տուն, անկապ, սովորաբար էդպես չեմ անում, մոտեցա կոմպին, կոմպի սքրինսեյվերն էր միացած, շարժեցի մկնիկը, մամայի մեսինջերն էր բացած, մեսսիջներ կար ընկերուհուցս, 2 մեսսիջ իրար հետեւից, գրած էր՝ « ասում են միայն ոսկորներն էր մնացել», «հինգշաբթի հուղարկավորելու են»: Ու չէի հասկանում ինչ է կատարվում, նորից կարդացի ու էլի չհասկացա: Հետո հասկացա: Մոտս հիստերիա սկսվեց: Չէի հավատում: Մտածում էի՝ ուրիշ մարդու մասին է գրած, միանգամից զանգեցի ընկերուհուս, արդեն ոռնում էի ու չէի հասկանում՝ ինչ էր ասում, նա էլ էր լացում: Էլ չէի լսում: Անջատեցի:

Հետո զանգեցի կնքամորս: Նա չէր լացում: Կնքամայրս մի ժամանակ եկեղեցում էր աշխատում կնքահորս մոտ: Ու ամեն ինչ հասկանալի էր: Ուղղակի չէր լացում: Միայն ասաց՝ «պինդ եղիր»…. այդքանը:

Երբեք հայկական եկեղեցի չեմ մտնում, երեկ չէ առաջին օրը ահավոր ուզեցի, հենց շաբաթ օրը, մտա Լուսավորիչ, կյանքումս մի անգամ էի եղել, երբ նոր էր բացվել, ուղղակի ուզեցի մտնել, հենց այնպես: Շաբաթ օրն էին իրեն տուն տեղափոխել, արդեն անիմաստ էր Իսրայել տանելը:

Նա ինձ ոտքից գլուխ գիտեր, մինչեւ մազիս ծայրը: Նա առհասարակ շատ ուժեղ հոգեբան էր, մարդկանց անգիր գիտեր, ճանաչում էր բոլորին: Նրա համար բոլորը թափանցիկ էին, գիտեր՝ ինչ էին մտածում, ինչի են ընդունակ, անգամ անծանոթ մարդիկ: Իսկ ինձ…. անգամ ապաշխարելու ժամանակ կարող էի ոչինչ չասել, ու միակն էր ում ապաշխարում էի մինչեւ վերջ, հատիկ առ հատիկ ասում էի ամեն ինչ, անգամ այնպիսի բաներ, որոնք ամաչում ես ինքդ քեզ խոստովանել: Իսկ նա ինձ շատ էր սիրում, մի տեսակ առանձնահատուկ սիրով: Պատարագներից հետո մեքենայով տանում էր կամ տուն կամ իր տուն: Մի անգամ էլ էդպես գնացինք իր տուն: Հարցրեց՝ թեյ կխմե՞ս, ասացի՝ հա,  ու էդպես խոսում էինք, ասացի, որ թեյը կոնյակով եմ սիրում, ասաց՝ դե կոնյակ կբերեմ: Կախեթական օղի բերեց, որը ահավոր հոտ ունի ու չճանաչել հնարավոր չի, բայց մի տեսակ կոնյակի գույն ուներ, ասաց՝ կոնյակ է, ասացի՝ հնարավոր չի, ճաճա է, ասաց՝ չէ, կոնյակ է, լցրու խմիր, ու բաժակիս կեսը լցրեց: Ես էլ հավատացի, որովհետեւ նա էր ասում, ու խմեցի, որովհետեւ նա էր լցրել: Հետո հարցրեց՝ դուր եկա՞վ, ասացի՝ շատ վատ համ ուներ քո կոնյակը: Ծիծաղեց, ասաց՝ կոնյակ չէր, ճաճա էր, ասաց՝ ես կոնյակ չեմ խմում, երդվել եմ: Բայց տանը մի կոնյակ ուներ, ընդամենը մի շիշ, ու այդ կոնյակը այդ օրը նվիրեց ինձ:

Մի անգամ էլ ասաց՝ առավոտյան հինգին պատրաստ եղիր, կգամ քո հետեւից կգնանք Սիղնաղիի եկեղեցի: Ու ես, որ շատ էի սիրում քնել, երբեք խնդիր չէի ունենում արթնանալու, երբ առավոտ շուտ պատարագի էի գնում կամ նա իր հետ տեղ էր տանում:

candel-jokhang-84.3

Ցուրտ էր: Մարտ ամիսն էր կամ էլ ապրիլի սկիզբը: Ու անձրեւ էր գալիս ահավոր, եկավ ու միասին գնացինք: Ճանապարհը ահավոր փչացել էր անդադար անձրեւներից, ցեխ էր, իսկ այդ եկեղեցին սարի վրա էր՝ ոլորապտույտ ճանապարհներով: Ու գնացինք:

Ու ես միշտ հպարտ էի իր կողքին, ահավոր հպարտ, ու բոլորին ասում էի, որ նա իմ կնքահայրն է, ոնց որ բրենդ լիներ ու ինձ պատկանող, ու ինքն էլ էր հպարտ, բոլորին ասում էր, որ ես իր սանիկն էմ, բոլորին, ում տեսնում էր, ու ծանոթացնում էր:

Երբ մտանք եկեղեցի, ինձ մենակ թողեց: Առավոտյան շուտ, հատկապես երբ անձրեւ է գալիս ու մութ է, ուրիշ աուրա է եկեղեցում: Ու ցուրտ էր, աղոթելուց հետո կուչ եկած նստած էի, հետո կարծեմ մի պահ քնեցի ու հասկացա, որ կմնայի էդտեղ ու էլ չէի վերադառնա: Լավ էր: Չէ, լավը այդ բառը չի, մի տեսակ շատ աշխարհիկ ու թույլ բառ է լավը: Ուրիշ էր էնտեղ ամեն ինչ՝ ժամանակը, տարածությունը, սահմաններ չկան, թեթեւ էր շատ: Դու էնտեղ միշտ բարի ես. թեեւ նա արգելում էր ինձ ասել բարի: Ասում էր՝ բարի միայն Աստված է: Իսկ նա նման էր Աստծուն:

Վերջին անգամ մարտին տեսա: Հունվարին զանգեցի ծնունդը շնորհավորելու, ասաց՝ շատ վատ եմ, մտածեցի գրիպ է կամ էդպիսի մի բան, ասաց՝ լուրջ հիվանդ եմ, առողջական խնդիր ունեմ, բուժվում եմ: Ասաց՝ լավ կլինի…

Մարտին գնացի: Արդեն չէր գնում եկեղեցի, ուրիշ քահանաներ էին պատարագներն անցկացնում, իսկ ես չէի գնում պատարագների:

Զանգեցի երեկոյան: Քնած էր: Կնոջ հետ խոսեցի, ասաց՝ լավ է, նա միշտ էդպես էր ասում: Առավոտյան գնացի եկեղեցի: Հետո գնացի նրա մոտ: Բոյով էր, վեղարով, բակում կանգնած էր, ահավոր նիհարած էր ու սփրթնած: Շատ պինդ գրկեց ինձ: Ասաց՝ բուժվում եմ, ասաց՝ Գերմանիա ուղարկած անալիզի պատասխանները դրական են, բան չկա, ասաց՝ կգնամ Լենինգրադ, վրացի վիրաբույժներ կան, հայտնի են, իրենք կբուժեն: Չէր կարողանում ուտել ոչինչ, ինչ-որ անհամ խյուսեր էր ուտում ու լիքը դեղեր էր խմում, ու զգում էի, որ վատ էր, բայց ժպտում էր ու ամեն  ինչ անում էր, որ ես ուրախ լինեմ, թույլ էր շատ, բայց անեկդոտներ էր պատմում, ինձ զվարճացնում էր հետաքրքիր պատմություններով: Հետո ինձ նկարեց իր հեռախոսով, հետո էլ Լենինգրադի համարները տվեց, ասաց՝ զանգիր ինձ: Որ գնաց Լենինգրադ, էդ ամբողջ ընտացքում ոչ մի անգամ չկարողացա խոսել հետը, անընդհատ ասում էին՝ չի կարող խոսել, չէին թողնում, հետո էլ տանը, կինը ասում էր՝ լավ է, նա միշտ էդպես էր ասում, ասում էր՝ լավ է, բայց թույլ է, չի կարող խոսել հիմա:  Հետոն էլ չեկավ..

Այս անգամ որ գնացի, զանգեցի, էլի կինը վերցրեց, ասաց՝ լավ է արդեն, ուղղակի թույլ է, չի կարող խոսել: Հետո ընկերներից մի քանիսը գնացել էին մոտը: Ինքը հեռու էր գնացել, հորական տուն, մեր տնից 4-5 ժամ հեռավորության վրա: Գնացել էին, ասում էին՝ ուրախ է, լավ է, իսկ ես չէի հավատում, կնքամորս  ասացի՝ հնարավոր չի, մարդ, երբ լավ է լինում, կարողանում է հեռախոսով խոսել, ասում էի՝ ինքը էդպիսի մարդ է, ժպտում է, որ չտխրեցնի, փորձում է զվարճացնել, բայց շատ վատ է: Սարսափելի ցավեր ուներ ու տառապում էր շատ: Ամեն անգամ ուտելուց ու դեղ խմելուց խաչակնքում էր: Կնքամայրս ասաց՝ չէ, արդեն լավ է, որ վատ լիներ, կզգային երեխեքը: Ու ես հանկարծ սկսեցի գոռալ, ասացի՝ դուք չեք հասկանում, նա շատ վատ է, ձեզ թվում է, որ ժպտում է, լավացել է, ՁԵԶ համար է անում:

Մի քանի օր հետո ասացին, որ փող են հավաքում, որ տանեն Իսրայել: Արդեն պարզ էր: Արդեն լավացած մարդուն Իսրայել չեն տանում: Ու ես էլ ոչինչ ոչ մեկին չասացի: Խնդրեցի մեքենա գտնեն, որ գնանք նրան տեսնելու: Չգտան: Այդ ընթացքում անընդհատ գնում-գալիս էի Թբիլիսի: Հետո քեռիիս խնդրեցի, որ տանի նրա մոտ: Հետո չգնացինք, չգիտեմ՝ ինչու:

Գալուց առաջ ասացին՝ տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը, նշանակում էր՝ շատ էր վատացել: Ու ես որոշեցի գնալ իրեն տեսնելու՝ չնայած գիտեի, որ չէին թողնի, չէին թողնի տեսնել իրեն, ու էլի չգնացինք, որովհետեւ ես չգիտեի՝ որ հիվանդանոցում էր պառկած: Ու էդպես էլ չտեսա իրեն: Ու նա իմ հիշողության մեջ մնաց բոյով, սեւ վեղարով, նիհար ու սփրթնած, բայց ժպիտը դեմքին…..


Ես նրան միշտ կարոտում էի, անգամ երբ կողքիս էր: Կողքիս նստած էր, իսկ ես կարոտում էի, մի տեսակ յուրահատուկ անուշ հոտ ուներ, երբեք ոչ մի օծանելիք չէր օգտագործում, բայց անուշ էր բուրում… մի տեսակ ուրիշ տեսակ, ու հիմա էլ կարոտում եմ, ու ականջներումս հնչում է նրա ձայնը՝ Աննուշկի…

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers